Գործընթացը սխալ է հիմքից. մեր աչքի առաջ ուժի սպառնալիքով թելադրանք է տեղի ունենում
«Դետք»-ի զրուցակիցն է Հայաստանի Ազգային ժողովի 2-3 գումարումների պատգամավոր, քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
- Բաքուն ամեն կերպ ձգձգում է «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, նորանոր պահանջներ առաջ քաշում: Նախօրեին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որովհետև այնտեղ ներառված են տարածքային պահանջներ Բաքվի նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացները:
- Ես նման գործընթացները չեմ էլ ուզում գնահատել, որովհետև դրանց հիմքը` մեթոդաբանությունն ու ձևաչափը, սխալ է, և այդ պարագայում իմաստ չեմ տեսնում քննարկելու մանրամասները: Պետք է նախ փոխել հիմքը, որից հետո կարելի է խոսել նաև մանրուքների մասին: Բայց քանի որ հիմքը սխալ է, մեր աչքի առաջ ուժի սպառնալիքով թելադրանք է տեղի ունենում:
Խաղաղության գործընթացը այդպես չի լինում, այն լինում է երկկողմանի համաձայնության հիման վրա, առանց սպառնալիքների, առանց ուժի կիրառման և առանց պահանջների:
Մյուս կողմից` Հայաստանի վարչապետը մեկ սա է ասում, մեկ էլ` տրամագծորեն հակառակը, ու երբ ուղիղ ասածը չի արվում, հակառակն է արվում, արդյունքում արհեստական բանավեճ է մտցվում, թե արդյոք հայ ժողովուրդը կողմնակի՞ց է խաղաղության, թե՞ չէ: Այդպիսի ժողովուրդ չկա, որ խաղաղություն չուզի, բոլորն են ուզում խաղաղություն, իսկ պատերազմները քաղաքականությամբ զբաղվողներն են հրահրում: Հայաստանի ժողովուրդը հարձակվողական նպատակներ չունի և չի էլ ունեցել վերջին 100-ամյակում, իսկ պաշտպանվելու համար պետք է ամեն ինչ անել, պետք է պատրաստվել պատերազմի, որ լինի խաղաղություն. դրանից պարզ բանաձև չկա:
- Ո՞րը պետք է լինի հայկական կողմի պատասխան գործողությունը Բաքվի վարած քաղաքականությանը:
- Ես արդեն ասացի, որ սխալ է այն մեթոդաբանությունը, որով ընթանում է այսպես կոչված խաղաղության գործընթացը: Եթե մենք ընտրում ենք այն ձևաչափը, որ ընտրել է գործող իշխանությունը, այդ ձևաչափում պարզ է, որ մենք այլընտրանք չունենք, պետք է անենք այն, ինչ-որ պահանջում է ուժեղ կողմը, նրան ենթարկվենք: Բայց 30 տարի մենք այլ ձևաչափով ենք ապրել: Ընդ որում` այն ժամանակ էլ սխալ խոսույթ կար. ասում էին, թե ստատուս-քվոն, որը Արցախի անկախությունը ճանաչելու գործընթաց էր համարվում, ձեռնտու է հայկական կողմին, բայց դա այդպես չէր իրականում: Իրականում այդ ստատուս-քվոն հորինել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը` պնդելով, թե այն պետք է պահպանվի, մինչև խաղաղ ճանապարհով, բանակցություններով հակամարտությանը լուծում գտնեն: Ի դեպ, ոչ թե Արցախյան հիմնախնդրին լուծում գտնվի, այլ դրա լուծումից առաջացած ռազմական բախմանը, այսինքն` զինադադարից անցնեն խաղաղության պայմանագրի: Հիմա բացի նրանից, որ խախտվել է այդ միջազգային կազմակերպության գործունեությունը, ձևաչափն էլ են իբրև թե փոխել: Իրականում չեն փոխել, օգտվում են աշխարհի խառը լինելու վիճակից: Լոբբինգային կազմակերպությունների ու անհատների միջոցով նեղացնում են խնդիրն այնքան, որ Հայաստանը մենակ է մնում իր ոխերիմ բարեկամների և ոխերիմ թշնամիների հետ: Այստեղ լուծումներ փնտրելը և' ժամանակի կորուստ է, և' հիմարություն, և' հանցագործություն:
- Այս գործընթացում ինչպե՞ս եք գնահատում Արևմուտքի և Ռուսաստանի դերակատարությունը: Տեսնում ենք, որ հատկապես ԱՄՆ-ն ակտիվ այցեր է կազմակերպում Հայաստան և Բաքվի Հանրապետություն, խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման անհրաժեշտության մասին:
- 2020 թվականից` պատերազմից սկսած` գրեթե բոլոր կողմերը շեղվել են միջազգային իրավունքի նորմերից, նրանք ուրիշ խնդիրներն են լուծում: Միջազգային իրավունքի նորմերը ծալել, դրել են դարակում, իբրև թե նոր աշխարհակարգ են ստեղծում, բայց աշխարհակարգը աշխարհի բաժանումը չէ, այլ համագործակցության սկզբունքներն են, ինչը չի արվում:
Իսկ մենք, երբ փորձում ենք գտնել, թե ով է մեզ ավելի բարեկամ, ով` թշնամի, մենք էլի մեթոդական սխալ ենք թույլ տալիս: Հիմա այնպիսի մարտավարություն է պետք, որ այդ միջազգային սատանայական խաղերի մեջ, որին բոլորն են մասնակցում, չխճճվենք, չընկնենք հարվածի տակ, եթե նույնիսկ պետք լինի ռազմական գործողությունները տեղափոխել այլ երկրների տարածք:
- Ինչպիսի՞ն են հանրային տրամադրություններն այսպես կոչված խաղաղության գործընթացի վերաբերյալ:
- Հիմա հայ ժողովուրդը`որպես ամբողջություն, ավելի շատ վախենում է ոչ թե թշնամուց, այլ ինքն իրենից: Մարդը` անհատի մակարդակով, իր վրա վստահ չէ, դադարում է մտածելուց և փնտրում է մեկին, որի ստվերում կարելի է թաքնվել, սխալվելու դեպքում մեղքը գցել ասողի վրա: Հանրային մակարդակով էլ է նույնը: Հայտնվել ենք մի վիճակում, որ մտքի հեղափոխություն պետք է տեղի ունենա: Մարդը պետք է վստահի առաջին հերթին իր մտածողությանը:
Այս իմաստով «սրբազան պայքարը» մի նոր շերտ բացեց մեր հասարակական մտածողության մեջ, և նորընծա առաջնորդը, եթե նույնիսկ այլևս ոչինչ չանի, պատմության մեջ կմնա որպես այդ շերտը բացահայտող: Դա ազգային զարթոնքի գործընթաց է, և պետք է հույս ունենալ, որ այդ ուղղությունը կխորանա: Ես այդտեղ եմ տեսնում մտքի հեղափոխության հնարավորությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն