Submitted by detq-editor on
Չավուշօղլուն բարձր է գնահատել Հայաստանի տրամադրած օգնությունը

Չավուշօղլուն բարձր է գնահատել Հայաստանի տրամադրած օգնությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բարձր է գնահատել Հայաստանի
տրամադրած օգնությունը Թուրքիայի՝ երկրաշարժից տուժած շրջաններին։ Ինչպես հաղորդում է
թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


Չավուշօղլուն շեշտել է, որ Հայաստանը դժվարին պահին մարդասիրաբար ձեռք է մեկնել՝ ցուցաբերելով
համերաշխություն և համագործակցություն։ «Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի
հետ համերաշխության»,- ասել է նա:


Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի վարչապետը երկրաշարժից անմիջապես հետո
Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում օգնություն տրամադրելու պատրաստակամություն է
հայտնել, որից հետո որոնողափրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա։ Նրա խոսքով՝ խումբը
փետրվարի 8-ից Ադըյամանում աշխատում է, և խմբի անդամներին հաջողվել է երեխայի ու երիտասարդ
կնոջ կյանք փրկել։


Չավուշօղլուն հիշեցրել է, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից
տուժած շրջաններ, օգնության ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է:


«Դժբախտաբար, Հայաստանը նույնպես գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է
1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել
Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս
մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նշել է նա:

Մևլութ Չավուշօղլուն, մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադառնալով Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը, նշել է, որ իրենք քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքները:

Ավելացնել նոր մեկնաբանություն