Իրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ԲՐԻԿՍ-ի երկրների հետ․ Ղալիբաֆ
Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նա ասել է Սանկտ Պետերբուրգ մեկնելուց առաջ, որտեղ մասնակցելու է խմբի խորհրդարանական ֆորումին։
Ղալիբաֆը շեշտել է, որ այս ֆորումին մասնակցությունը Թեհրանի համար լավ հնարավորություն է՝ զարգացնելու հարաբերությունները ԲՐԻԿՍ-ի երկրների հետ․ «Այս հանդիպման մեր նպատակներից մեկն այն է, որ կարողանանք փորձել բազմաթիվ պայմանավորվածություններ ձեռք բերել և դրանք կյանքի կոչել»։
Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը հիշեցրել է, որ նախորդ տարի Իրանը երեք այլ երկրների հետ միասին դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ՝ նշելով, որ սա Թեհրանի առաջին պաշտոնական ներկայությունն է խմբի ֆորումում․ «Նախաձեռնությունը վերցրել է Ռուսաստանը, այս հանդիպմանը զուգահեռ տեղի կունենա ևս մեկ հանդիպում, որին կհրավիրվեն Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Բաքվի Հանրապետությունը (խմբ․), Հայաստանը, Բելառուսը և Տանզանիան»։
Ղալիբաֆի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ում կարևոր խնդիրներից են անկախ դրամավարկային և ֆինանսական համակարգերը, որոնք գոյություն ունեն միջազգային այլ համակարգերից առանձին, ինչը երկրների միջև ֆինանսական փոխանակման հիմք է։
«Բնականաբար, բացի ԲՐԻԿՍ ֆորումից՝ մենք երկկողմ հանդիպումներ կունենանք վերջինիս այլ երկրների հետ: ԲՐԻԿՍ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը առևտրատնտեսական երեք խմբեր են: Իրանն ու Ռուսաստանը երկու երկրներ են, որոնք ունեցել են ռազմավարական պայմանավորվածություններ: Մեր ռազմավարությունը մշտական է և համապարփակ։
Ամեն տարի մեր երկրից «Հյուսիս-հարավ» միջանցքով տասնյակ միլիոնավոր տոննա ապրանքներ կարող են փոխադրվել, ինչը մեզ համար բացառիկ հնարավորություն է»,- եզրափակել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Ավելացնել նոր մեկնաբանություն