Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վերադառնալով Վաշինգտոնից, որտեղ մեկնել էր ՆԱՏՕ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Իրանում նախագահ փոխվեց, Հայաստանում Փաշինյանը խաղաղությանը կողմ նախադասություններ է կազմում։ Թուրքիա-Ադրբեջան հեռանկարն ուր որ է Կովկասում խաղաղություն կբերի… Այս համատեքստում ի՞նչ կասեք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի և «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշման վերաբերյալ։ Դուք ակնարկել էիք, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, այդ տարածաշրջանում լիովին խաղաղության մթնոլորտ է լինելու, և գուցե Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել։ Հնարավո՞ր է դրա մասին մտածել», Էրդողանը պատասխանել է․ «Ինչո՞ւ չպետք է մտածենք։ Այսինքն՝ մենք այս մասին արդեն ամեն ինչ ասել ենք Փաշինյանին։ Այժմ մենք պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով կհաստատվի մշտական խաղաղություն: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը: «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և ավարտին հասցնելու համար: Այս քայլերը դրական ներդրում կունենան ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների բարգավաճման ու խաղաղության գործում։ Այս տարածաշրջանից լավ լուրերի հույս ունենք, կարևոր է, որ մյուս երկրները նման մոտեցում ցուցաբերեն և նպաստեն խաղաղության գործընթացին»:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Իրանի նախագահի հետ հանդիպմանը «Զանգեզուրի միջանցքին» անդրադարձ չի եղել. «Մենք միայն քննարկել ենք, թե ինչպես է նա հաղթել ընտրություններում»։
Էրդողանը նաև իր մտադրությունն է հայտնել ամրապնդելու թուրք-իրանական հարաբերությունները. ««Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական միջանցք է, որն օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին ու Իրանին, և երբ այս միջանցքը գործարկվի, Իրանը և Ադրբեջանը կհանդարտվեն: Այս միջանցքը շատ կարևոր է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար։ Հուսանք` երբ այնտեղ երկաթուղային համակարգը գործարկվի, Ադրբեջանը շատ ավելի հանգիստ կլինի»։
Աղբյուրը՝ «Region monitor»
Ավելացնել նոր մեկնաբանություն