Ունի՞ Փաշինյանը «պլան Բ»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան ալիքում գրում է. ««Եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, ապա մենք կհամագործակցենք»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինքնին հասկանալի է, որ Զելենսկիի համար Թրամփի նախագահությունը վատ սցենար է, որովհետև այդ պարագայում նրա ընտրությունը լինելու է վատի և վատթարագույնի միջև:
Բայց Զելենսկին գիտի, որ իր ցանկություններն որոշիչ չեն ամերիկյան ընտրողի համար և, ըստ էության, առաջ է քաշում պլան Բ:
Արդյո՞ք այդպիսին ունի Փաշինյանը, եթե ամիսներ անց ԱՄՆ-ում փոխարինվեն այն պաշտոնյաները, որոնց նա զանգելու հնարավորություն ունի:
Եղած փաստերը հուշում են, որ Փաշինյանը նման պլան չունի, հակառակ դեպքում՝ փոփոխությունների կենթարկվեր Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու նրա քաղաքականությունը, ինչն, ի դեպ, ավելի բովանդակային կդարձներ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները:
Եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին ռազմավարական հաշվարկ ունեցող մարդիկ, թերևս, կգիտակցեին, որ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, այլև կմեծացնի Հայաստանի սուբեկտությունը նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն