Ի՞նչ «ծանր փոխզիջման» մասին է խոսում Վաշինգտոնը. իշխանությունը լուռ է, ընդդիմությունը կարծում է՝ խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է. «Ազատություն»
- Գործարքը կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ. Միլլեր
«Մենք այլևս զիջելու բան չունենք, մի բան ունենք զիջելու, եթե ուզում են, թող վերցնեն, գնան՝ Նիկոլ Փաշինյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունից այսպես արձագանքում են ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այն հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է ծանր փոխզիջումներ։
Մեթյու Միլլերը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ «ծանր փոխզիջումների» մասին է խոսքը։ Ամերիկացի բարձրաստճան պաշտոնյան միայն նշել է, թե վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա, և Վաշինգտոնը չի հանգստանա, մինչև համաձայնություն չլինի։
«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել է նա։
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» նույնպես առայժմ որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվել, թե ինչ «ծանր փոխզիջումների մասին է խոսում ամերիկյան կողմը։
- Զիջումները վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին». ընդդիմության գնահատականը
«Ես նույնպես այդ հարցն ունեմ՝ էլ ի՞նչ ունենք զիջելու, որ չենք զիջել», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որն այս հարցի պատասխանն ունի. - «Դա Միլլերից մի օր առաջ Էրդողանն էր ասել՝ «Զանգեզուրի միջանցքն» է՝ այսպես կոչված։ Ադրբեջանը պարտադրում է այդ ճանապարհը բացել, Նիկոլ Փաշինյանն էլ որպեսզի այսպես կոչված՝ «միջանցք» չզիջի, պարտադրանքից փորձի դուրս գալ, մոգոնեց իր «Խաղաղության խաչմերուկը», որն էլի ամեն ինչ բերեց և կիզակետեց այդ 47 կիլոմետրի վրա։ Այդտեղ է հիմա Ադրբեջանի ատամը, դա են ուզում»։
Այն, որ «ծանր փոխզիջումը» վերաբերում է նաև այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», համակարծիք է նաև խորհրդարանական ընդդիմադիր «Պատվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ հնարավոր զիջումներին և մասնավորապես Հայաստանին, ապա երկու հիմնական բան կա, որ տեսանելի է գոնե հրապարակային հայտարարություններից. առաջինը միջանցքային տրամաբանությունն է, որը, կարծում եմ, ամենածանր գործընթացն է», - «Ազատության»-ն ասաց նա։
«Նույն ձևի Միացյալ Նահանգները մշտապես հայտարարել է, որ պաշտպանում, սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բայց 21-22թթ. ընթացքում Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց տարածքներ, որոնք ակնհայտորեն որևէ կասկած չեն առաջացնում, որ դրանք Հայաստանի Հանրապետության տարածքներն են», - հավելեց նա։
Ճշտող հարցին, թե այսինքն՝ կարո՞ղ են փոփոխվել մոտեցումները, պատգամավորն արձագանքեց. - «Իրականում, նույնը վերաբերում է Արցախի հարցին։ Օրինակ՝ 20-21թթ. պատկերացումները, նույնիսկ ադրբեջանական ակնկալիքները լրիվ այլ էին, բայց օրինակ՝ 22թ. Պրահայի հայտնի գագաթնաժողովից հետո կամ դրա շրջանակներում ոչ միայն ակնկալիքները փոխվեցին, այլև մինչև խաղաղապահների մանդատի 5 տարվա լրացումը լրիվ այլ իրադարձություններ տեղի ունեցան, և իրավիճակն ամբողջությամբ փոխվեց»։
Ավելացնել նոր մեկնաբանություն