Submitted by G.Avetisyan on
ավ

Գորիսի օդանավակայանը կվերագործարկվի՞

Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն, որի գնահատումից հետո վերջնական լուծում կտրվի այս օդանավակայանի շահագործման հարցին: Այս մասին «Հետքին» հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 13-ին ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից ԱԺ-ում հետաքրքրվել էր, թե որ փուլում է օդանավակայանի վերագործարկման հարցի ուսումնասիրությունը, ինչի վերաբերյալ Սյունիք կատարած այցի ժամանակ հանձնարարական էր տվել վարչապետը:  

Ի պատասխան՝ Սանոսյանը հայտարարել էր, որ որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել են. աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք եւ տեղում ծանոթացել իրավիճակին: Նախարարն անելիքները երկու մասի էր բաժանել. բուն թռիչքուղու եւ շենք-շինությունների նորոգում: Պլանավորվել է առաջինը թռիչքուղին կարգի բերել, հետո՝ մնացածը: Գ. Սանոսյանն նաեւ նշել էր, որ Գորիսի օդանավակայանը կարող է նույնիսկ ռեզերվային օդանավակայան օգտագործվել, երբ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չլինի Կապանում վայրէջք կատարել: 

Նախարարից օրերս հետաքրքրվել էինք, թե մինչեւ հիմա ինչ աշխատանքներ են իրականացվել Գորիսում, մասնավորապես՝ արդյոք թռիչքուղու վրա կատարվել են կամ նախատեսվում է կատարել աշխատանքներ: Սրան, սակայն, փոխնախարար Սիմոնյանը չի արձագանքել, փոխարենը օդանավակայանում իրականացվող ուսումնասիրության մասին նրա պատասխանից բխում է, որ բանը չի հասել վերանորոգմանը: 

1970-ականների վերջին շահագործման հանձնված Գորիսի օդանավակայանը, որը հայտնի է նաեւ Շինուհայր գյուղի անունով, փաստացի գտնվում է Խոտ գյուղի վարչական տարածքում (ներկայում Խոտն ու Շինուհայրը եւս 6 գյուղի հետ միավորված են Տաթեւ խոշորացված համայնքում, որի կենտրոնը Շինուհայրն է): 1997 թ. պաշտպանության ու տրանսպորտի եւ կապի նախարարների համատեղ հրամանով Գորիսի օդանավակայանը հանձնվել է ՊՆ-ին, որի հաշվեկշռում էլ գտնվում է մինչ օրս: Այսինքն՝ այն քաղաքացիականից վերածվել է ռազմական կառույցի: 

Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ արծարծվել է Գորիսում քաղավիացիայի գործունեությունը վերականգնելու թեման:

Այսպես՝ 2009-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարությունը դիտարկում է Գորիսում նոր օդանավակայան ունենալու հարցը: Այն ժամանակ քաղաքաշինության փոխնախարար, հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ նախ ուսումնասիրվել է Ջերմուկում այլընտրանքային օդանավակայան կառուցելու հարցը, բայց հետո եկել են այն հետեւության, որ Ջերմուկը «փակուղի» է՝ գտնվում է հիմնական մայրուղուց դուրս: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Ավելացնել նոր մեկնաբանություն