Ոչ մի համաշխարհային տերություն չի համարձակվում գործել Իրանի դեմ՝ հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը. ԻՀՊԿ խոսնակ
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ռամեզան Շարիֆը հայտարարել է, որ ոչ մի համաշխարհային տերություն չի համարձակվում գործել Իրանի դեմ՝ հաշվի առնելով երկրի պաշտպանական և ռազմական հզորությունը: Ինչպես հայտնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Շարիֆն այս մասին ասել է Իրանի Քերման նահանգում կազմակերպված արարողության ժամանակ։
Նա կարևորել է երիտասարդների դերը երկրի պաշտպանության ներկայիս մակարդակին հասնելու գործում։ Շարիֆի խոսքով՝ այսօր անվտանգությունն ամբողջ աշխարհում յուրաքանչյուր երկրի համար էական անհրաժեշտություն է։
ԻՀՊԿ խոսնակը հայտնել է, որ անջատողական խմբավորումները երազում են վերահսկողություն սահմանել Իրանի Կորդեստան, Սիստան և Բելուջեստան նահանգների նկատմամբ: Նա այս համատեքստում բարձր է գնահատել Իրանի ժողովրդի խորաթափանցությունն ու խելամտությունը՝ թշնամիների դավադրությունների դեմ պայքարում։
Շարիֆը քննադատել է նաև Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներ Էմանուել Մակրոնին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին հակաիրանական խմբավորումների հետ ունեցած վերջին հանդիպումների համար։ Նա շեշտել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի մոռանա եվրոպական երկու երկրների կատարած հանցագործություններն իրան-իրաքյան պատերազմի շրջանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն