Submitted by detq-editor on
Չինաստանը կզարգացնի Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը

Չինաստանը կզարգացնի Իրանի հետ ռազմավարական գործընկերությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Չինաստանի նախագահը Ռաիսիի հետ հանդիպմանը հայտնել է, որ Չինաստանն անշեղորեն կպահպանի իր բարեկամությունն ու համագործակցությունն Իրանի հետ՝ անկախ տարածաշրջանային և միջազգային զարգացումներից:

«Անկախ նրանից, թե ինչպես կփոխվի միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, Չինաստանն անշեղորեն կպահպանի իր բարեկամությունն ու համագործակցությունն Իրանի հետ ու կշարունակի Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերությունը»,- ասել է նա։

Սի Ծինփինը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է Իրանին ազգային ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ազգային արժանապատվության պահպանման հարցերում, ինչպես նաև հեգեմոնիզմի դեմ պայքարում։ Նրա խոսքով՝ Չինաստանն ու Իրանը մշտապես աջակցել են միմյանց ու համագործակցել են։

Միևնույն ժամանակ Չինաստանի նախագահն ասել է, որ Պեկինը, չնայած արտաքին ուժերի դիմադրությանը, որոնք միջամտում են Իրանի ներքին գործերին և խաթարում երկրի անվտանգությունն ու կայունությունը, կշարունակի նպաստել Իրանի միջուկային խնդրի պատշաճ լուծմանը։

Վերջինս նաև ընդգծել է Պեկինի վճռականությունը՝ խորացնել համագործակցությունն Իրանի հետ առևտրի, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում։

Թեհրանից Պեկին մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտնել էր, որ Իրանն ու Չինաստանը միանման տեսակետներ ունեն միջազգային մակարդակով միակողմանիության դեմ պայքարում:

Նշենք, որ սա Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի առաջին այցն է Չինաստան՝ 2021 թվականի օգոստոսին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն