Հայաստանի իշխանությունը պատրաստ է ընդունել բոլոր պայմանները, միայն թե թուղթ ստորագրի, Ադրբեջանը շատ լավ է հասկացել սա. Մանվել Սարգսյան․ «Մեդիալաբ»
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը
– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի նախագահը հուլիսի 20-ին Շուշիում ուշագրավ հայտարարություններ է արել Հայաստանի մասով: Մասնավորապես ասել է, որ «Հայաստանի Հանրապետության իշխանություններից մենք սպասում ենք հստակ հայտարարություն առ այն, թե ինչպես և երբ պետք է ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, որոնք վտարվել են այսօրվա Հայաստանի տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից, վերադառնան իրենց պատմական տարածքներ՝ ապրելու կամ այցելելու նպատակով»։
– Ալիևի նպատակը պարզ է, ինքն էլ ասաց, որ Արցախը վերացնելուց հետո նա ուզում է ընդհանրապես վերացնել բոլոր գոյություն ունեցող նարատիվները, ցույց տալ, որ այդ ամեն ինչը եղել է սուտ, անարդար և այլն։ Տարածքը բնակչությունից ազատեց, խնդիրն է վերացնում, հուշարձաններն է վերացնում, Հայաստանին պարտադրել են բոլոր օղակներից հանել Արցախի մասին փաստաթղթերը, Մինսկի խումբն են ուզում վերացնել ու, ընդհանրապես, երևի շուտով թերթերն էլ այրեն, որտեղ խոսք է եղել Արցախի մասին։
Շատ հետաքրքիր է այդ քաղաքականությունը, սարսափ կա, որ կարող է վերականգնվի այդ ամենը։ Ինքնին բավականին անդուր բան է, չգիտեմ թե Հայաստանում որքանով են լուրջ վերաբերվում այդ ամեն ինչին։
Ինչ վերաբերում է ձեր մատնանշած հայտարարությանը, կարծում եմ, որ իզուր չի ընդգծել, անցյալ անգամ մենք խոսեցինք, որ ստեղծվել է շատ կոնկրետ իրավիճակ, երբ ամերիկացիները մի կողմից Օ’Բրայանի մակարդակով արդարացրել են Ադրբեջանի այս վերջին տարիների քաղաքականությունը, ներկայացրել են որպես խաղաղություն հաստատելու ծրագիր ու լուրջ նշանակություն են տվել Ադրբեջանին՝ տարածաշրջանում քաղաքականությունը փոխելու, հիշում եք դա։
Եվ բնական է, որ պայման են դրել, պայմանն էլ պարզ ու հստակ էր, որ պետք է Հայաստանի հետ խաղաղություն կնքվի, որ բացվի Մեղրիի այդ ճանապարհը, ամենակարևորն այն էր, որ Ադրբեջանը պետք է աներ այնպես, որ այստեղ գոյություն չունենար Ռուսաստանը։
Սա անլուծելի խնդիր էր Ադրբեջանի համար, նրանք ստիպված գնացին ԱՄՆ, հանդիպեցին, ու դրանից շատ քիչ բան հայտնի դարձավ, բայց Ալիևի այս հայտարարություններն արդեն պարզ ցույց են տալիս, թե ինչ է կատարվում։ Օրերս ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարեց, չէ՞, որ կողմերը պետք է գնան ծանր, ցավոտ փոխզիջումների: Պարզ է, որ փոխզիջումներն այնքան չէին վերաբերում Հայաստանին, որքան Ադրբեջանին՝ իրենց առաջարկած պայմանի մասով, իսկ Ադրբեջանը պետք է հրաժարվի Ռուսաստանից այս, իրենց ասելով՝ միջանցքի հարցում, իհարկե սա Ադրբեջանի համար ոչ միայն ծանր, այլև անհնարին պայման է։
Իսկ Հայաստանի մասով հարց է ծագում՝ էլ ի՞նչ պետք է տա, որովհետև ինչ ասել են՝ արել են: Այստեղ, ես կարծում եմ, որ Ադրբեջանը, անգամ Թուրքիան անմիջապես սկսեցին հստակեցնել, թե ի՛նչ պետք է զիջի Հայաստանը։ Հիշում եք Էրդողանի հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքը» կլինի խաղաղության պայմանագրի վերջին ակորդը։ Այսինքն՝ մինչ այդ մենք ունեցել ենք մեկ պահանջ՝ Սահմանադրությունը փոխել, Էրդողանն ավելացրեց երկրորդը, հիմա Ալիևն ավելացրեց երրորդը, երբ նա ասում է, թե Հայաստանից պատասխան ենք սպասում, ապա դա նշանակում է, որ Հայաստանին պաշտոնապես իրենք առաջադրել են այդ խնդիրը։ Չորրորդ պայմանը ինքը ևս ընդգծեց՝ Մինսկի խմբի լուծարում, իհարկե, դա դեռ՝ որպես խաղաղության պայմանագրի պայման ներկայացված չէ, բայց հերթում կանգնած է։
– Ադրբեջանի նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Արցախի հարցում իրենք կարողացել են Հայաստանի իշխանությանը ստիպել, որ դրանք պայմանագրում տեղ չգտնեն, մնացել է Մինսկի խմբի լուծարումը, որին, ըստ Ալիևի, հայկական կողմը ևս համաձայնել է։ Ձեր գնահատմամբ՝ սրանք իրականությանը համապատասխա՞ն հայտարարություններ են։
– Իհարկե, ինչի մասին է խոսքը։
– Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանի իշխանությունն անկեղծ չէ իր քաղաքացիների հետ, ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացին այդ մասին իմանում թշնամի երկրի նախագահից։
– Նման բաները ո՞նց ասես, մինչև հիմա ինչ արել են, ե՞րբ են ասել։ Տեսնում եք, որ այս օրերին, հանկարծակի, Ռուսաստանն էլ օգնեց Ադրբեջանին․ Ռուսաստանի ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն ասաց 2023-ի սեպտեմբերի 17-ին՝ Թուրքիայում կայացած մի հանդիպման մասին, որի մասին առանց իր ասելու էլ մենք շատ լավ գիտեինք, բայց հանկարծակի հնչեցվեց, որ Հայաստանն ինքը բոլորի առաջ պարտավորություն է վերցրել չմիջամտել Ղարաբաղի հարցում՝ մինչև սեպտեմբերյան պատերազմը:
Տեսեք, թե ի՛նչ է բացահայտում, որ մինչև պատերազմը եղել է հստակ միջազգային կոնսենսուս։ Ռուսաստանն է մասնակցել, Եվրոպայի ներկայացուցիչներ, Թուրքիան է մասնակցել, ու Հայաստանը հրաժարվել է ընդհանրապես խառնվել այդ գործերին։ Որևէ բան ասե՞լ են մեզ, եթե նման հարցում բան չեն ասել, ապա մնացած հարցերում էլ չեն ասի, սա շատ վտանգավոր է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելացնել նոր մեկնաբանություն