Ուկրաինան Նիդեռլանդներից առաջին «F-16» կործանիչներն է ստացել
Ուկրաինան Նիդեռլանդներից ստացել է «F-16» կործանիչների առաջին խմբաքանակը, որում եղել է 6 կործանիչ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մոտ ժամանակներում Ուկրաինան «F-16» կործանիչների խմբաքանակ կստանա նաև Դանիայից։ Առաքման ստույգ ժամկետները դեռևս չեն նշվում:
Ուկրաինայի նախագահի օգնական Միխայիլ Պոդոլյակը չի հստակեցրել «F-16»-եր ստանալու մասին տեղեկությունը։ «Մեզ համար սա էական գոյատևման միջոց է։ Հետևաբար, պետք չէ հստակ ասել՝ ունե՞նք այդ կործանիչները, թե՞ ոչ»,- ասել է նա։
Ակնկալվում է, որ 2024-ի ընթացքում Կիևը կստանա մոտ 20 ինքնաթիռ, այդ թվում՝ Բելգիայից և Նորվեգիայից։ Ընդհանուր առմամբ, այս չորս երկրներն Ուկրաինային մոտ 80 կործանիչ են խոստացել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 128 «F-16» կործանիչ՝ Ռուսաստանին արդյունավետ հակազդելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն