Հայաստանը ցանկանում է կայունացնել ներքաղաքական իրավիճակը և հասարակության մեջ ստեղծել անվտանգության զգացում՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և գնելով նոր զինատեսակներ․ ադրբեջանական ԶԼՄ
Ադրբեջանական «Report» կայքը գրել է Հայաստանի պաշտպանության ծախսերի մասին։
Պետք է նշել՝ այն, որ Հայաստանը մեծացնում է պաշտպանական ծախսերը և գնում նոր զինատեսակներ, չի նշանակում, որ այդկերպ էապես կավելացնի իր ռազմական հզորությունը։ 44-օրյա պատերազմում ադրբեջանական բանակի հաղթանակը հստակ ցույց տվեց, թե Հայաստանը որքան հետ է մնում ռազմական տեխնիկայի և ռազմավարական պատրաստվածության առումով։
Հայաստանի պաշտպանական ծախսերը, որոնք երկու անգամ ավելացել են, շատ քիչ են՝ համեմատած այս ոլորտում Ադրբեջանի ծախսերի հետ։ Այդ իսկ պատճառով ռազմական ուժերի հավասարակշռման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ոչ այլ ինչ են, քան ապարդյուն ջանքեր. այսպես՝ 2024 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմել են 3.05 մլրդ մանաթ (1.7 մլրդ ԱՄՆ դոլար)։
Առաջիկա տարիներին Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կավելացնի զենքի գնման երկրների շարքը, ինչպես նաև զենքի տեսակներն ու տրամաչափերը։ Մեծ է հավանականությունը, որ նոր զինատեսակները կլինեն հիմնականում մարտավարական հրթիռներ, հակաօդային պաշտպանություն և անօդաչու թռչող սարքեր։
Այս ամենը հուշում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կշարունակի մեծացնել պաշտպանական ծախսերը և ձեռք բերել նոր զինատեսակներ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցային գործընթացում իր դիրքերն ամրապնդելու համար։ Չի բացառվում, որ այս գործընթացին Հայաստանի ոչ կառուցողական մոտեցման պատճառներից մեկը ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար ժամանակ շահելու մտադրությունն է։ Բացի դրանից՝ Հայաստանը ցանկանում է կայունացնել ներքաղաքական իրավիճակը և հասարակության մեջ ստեղծել անվտանգության զգացում՝ ավելացնելով պաշտպանական ծախսերը և գնելով նոր զինատեսակներ: Սակայն այս ջանքերը չեն բավականացնի Հայաստանին տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը փոխելու համար։
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել և անհիմն կանխատեսումներ անել Հայաստանի առաջիկա ծրագրերի շուրջ, ինչը փաստում է այն մասին, որ սադրանքների իրականացման պատասխանատվությունը պատրաստում է բարդել Հայաստանի վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն