ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի առաջնահերթությունն է. Փեզեշքիան
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ որպես ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Իրանի նախագահն ասել է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։
Հաղորդվում է, որ Փեզեշքիանն ընդգծել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արագացման անհրաժեշտությունը։ Նա անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևորության հարցին։
«Կարծում ենք, որ աշխարհում որոշ տերությունների, դրանց թվում՝ ԱՄՆ-ի գերազանցության դարաշրջանն ավարտվել է։ Իրանի և Ռուսաստանի միջև բազմաբևեռ աշխարհը խթանելու նպատակով համագործակցությունը, անշուշտ, կհանգեցնի աշխարհում անվտանգության և խաղաղության հետագա խթանմանը»,- ասել է նա։
Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում Ռուսաստանի առանցքային և ռազմավարական դաշնակիցներից մեկն է։ Նրա խոսքով՝ երկու երկրները փորձում են ստեղծել բազմաբևեռ աշխարհ և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։
«Երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգանում են և լավ հեռանկարներ ունեն»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն