254

Ինչո՞ւ Երևանն ու Բաքուն մինչև հուլիսի 1-ը չհամաձայնեցրին սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը. «Ազատություն»

Փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից մոտ մեկուկես ամիս անց էլ չեն պարզաբանում՝ ինչո՞ւ Երևանն ու Բաքուն մինչև հուլիսի 1-ը չհամաձայնեցրին սահմանազատման սկզբունքներն ամրագրող փաստաթուղթը:

«Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ փորձելով ստանալ այս և մի քանի այլ հարցերի պատասխաններ, օրինակ՝ Ադրբեջանը խոչընդոտո՞ւմ է կանոնակարգի համաձայնեցմանը, կողմերը սահմանե՞լ են նոր ժամկետ այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտելու համար, ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ սահմանազատվող մյուս հատվածների համաձայնեցման շուրջ, և ի վերջո Բաքուն շարունակո՞ւմ է հերքել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ:

Այս հարցերին փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակից պատասխանեցին միայն մեկ ամիս անց, այն էլ՝ առանց որևէ հստակության՝ հղում անելով միայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ կանոնակարգի համաձանեցման շուրջ բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով, և առաջիկայում նախատեսվում է ավարտել դրանք, ապա անցնել սահմանի մնացած հատվածների սահմանազատմանը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների:

Այս փուլում ընթացող բանակցությունները թե՛ սահմանազատման, թե՛ խաղաղության պայմանագրի շուրջ գաղտնիության առումով աննախադեպ են, կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նա շեշտում է՝ որոշ դրվագներ հայաստանցիներին հայտնի է դառնում կա՛մ ադրբեջանցի պաշտոնյաներից, կա՛մ որևէ միջնորդ երկրի պաշտոնյայից:

«Բնականաբար, այս պայմաններում երբ մենք դիտարկում ենք սահմանազատման գործընթացը, հատկապես դրա հետ կապված բարդ, պրոբլեմատիկ և նրբություններ պարունակող այդ խնդրի շուրջ հայաստանյան իշխանությունները առավելագույնս փակում են ամբողջությամբ տեղեկատվությունը», - ասաց նա։

Պատգամավորը հիշեցնում է՝ երբ Ադրբեջանը խոսում էր չորս գյուղերը վերադարձնելու մասին, իշխանության ներկայացուցիչները տևական ժամանակ մարդկանցից այդ գործընթացը թաքցնում էին և ձևավորում այնպիսի տպավորություն, թե իրենք էլ հայկական 31 բնակավայրերի հողատարածքների հարցն են առաջ մղելու, և ամեն ինչ լինելու է փոխադարձ:

«Ժամանակը ցույց տվեց, ես սա ցավով եմ ասում, որ իրականության մեջ Ադրբեջանը դրել էր հստակ պահանջներ, և Հայաստանի իշխանությունը դա գեղեցիկ ձևակերպումներով փաթեթավորեց դելիմիտացիայի գործընթացի տակ, որի բառը նույնիսկ շատ-շատերին ոչինչ չէր ասում, և փաստորեն դրա անվան տակ գնաց միակողմանի զիջումների», - նկատեց Տիգրան Աբրահամյանը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն