Իրանը կշարունակի իր խաղաղ միջուկային ծրագիրը. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի միջուկային էներգիայի իր խաղաղ ծրագիրը և կառուցողական համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, Քանաանին այս մասին ասել է՝ անդրադառնալով ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ընդունած համատեղ հակաիրանական հայտարարությանը։
Խոսնակը կտրականապես հերքել է հայտարարությունում Իրանին ուղղված մեղադրանքները՝ դրանք բնութագրելով որպես հաճախ կրկնվող և հոգնեցուցիչ: Նա նման հայտարարությունների տարածումը համահունչ է համարել տարածաշրջանի երկրների միջև պառակտում սերմանելու ԱՄՆ ռեժիմի դարավոր ռազմավարությանը։
Պաշտոնյան հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարների զենք է վաճառել տարածաշրջանային պետություններին, աջակցել է թաքֆիրական ահաբեկչությանը, սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին - խմբ.), ինչպես նաև նպաստել է Եմենի ավերիչ պատերազմին։
Անդրադառնալով Իրանի միջուկային գործողություններին ուղղված մեղադրանքներին՝ Քանաանին նշել է, որ երկիրը կշարունակի միջուկային էներգիայի իր խաղաղ ծրագիրը և կառուցողական համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ չնայած առկա քաղաքական ճնշումներին և քարոզչական զրպարտչական արշավներին:
Նա հավելել է, որ Թեհրանը հավատում է տարածաշրջանային դիվանագիտությանը և ձգտում է տարածաշրջանային ճգնաժամերը լուծել քաղաքական ճանապարհով:
Ավելացնել նոր մեկնաբանություն