563

Պատերազմի սպառնալիքը բավականին լուրջ է, Ադրբեջանը դեռևս տրամադրություններ է ստուգում. Տաթևիկ Հայրապետյան. «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմը երեկ ու այսօր տեղեկություն է տարածել, թե հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նկատի ունենալով Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը, ըստ ձեզ, հիմա ի՞նչ նպատակով է Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածում։

– Իրականում, վերջին շրջանում շատ ակտիվ քարոզչություն է տարվում ադրբեջանական մեդիատիրույթում, օրինակ՝ կարող եք հանդիպել հոդվածներ, թե «Հայաստանը սեպտեմբերին պատերազմ է սկսելու Ադրբեջանի դեմ» և այլն։ Այսինքն՝ փորձում են հնարավոր լարվածության հետ կապված քարոզչական ֆոն ապահովել, դրան գումարվում է նաև ամերիկյան գործոնը, մասնավորապես՝ իրենք շարունակ ԱՄՆ-ին մեղադրում են Հայաստանը զինելու համար: Մի ամբողջ տեղեկատվական արշավ էին մտածել, որ ԱՄՆ-ն ռազմաբազա է տեղադրում Սյունիքում, որն ամբողջությամբ սուտ է, ու հերքվեց նաև դեսպանատան կողմից, բայց այդ քարոզչությունը շարունակվում ու ինտենսիվ թափ է հավաքում։ 

Ես կարծում եմ, որ իրենք այս փուլում նաև տրամադրություններ են շոշափում, որովհետև, սովորաբար, գործողությունների գնալուց առաջ իրենք միշտ քարոզչական ալիք են ստեղծում, փորձելով հասկանալ, թե այդ ալիքի ֆոնին ինչ արձագանքներ կլինեն, կլինեն, թե չեն լինի, ու ըստ այդմ մշակում են իրենց հետագա գործողությունները։ Ինձ թվում է, որ մենք հիմա գործ ունենք դրա հետ, որ քարոզչությամբ փորձում են տրամադրություններ հասկանալ։ 

– Միջազգայի՞ն հանրության, թե՞ Հայաստանի տրամադրությունները։

– Գերազանցապես՝ միջազգային, որովհետև Հայաստանում տրամադրություն չկա, որ հասկանան, Հայաստանում ուղղակի զուգահեռ իրականություն են ստեղծել Ադրբեջանի մասին առ այն, որ եթե այդ հիմնասյունը դրել են, ուրեմն Ադրբեջանից այլևս որևէ սպառնալիք չկա, մինչդեռ այսօր Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ հիմն է գրվում Հայաստանի մայրաքաղաք Երևանի մասին՝ որպես ադրբեջանական քաղաք, ու սա արվում է պետության կողմից, ակտիվորեն քարոզվում ու քննարկվում։ Այսինքն՝ Ադրբեջանի մասին այդ կեղծ իմիջը, որ ստեղծում են, թե գիտեք՝ այնտեղ սահմանապահ է կանգնել, ու ոչ մի խնդիր չկա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, բավական է նայել Ադրբեջանի պետական քաղաքականությանը։ 

– Այդ իմիջը Հայաստա՞նն է ստեղծում Ադրբեջանի համար։

– Միանշանակ, առաջին հերթին Հայաստանը։ Նույն Հայաստանը մեծապես օգնում է Ադրբեջանին միջազգային հարթակներում մաքրվելու համար, այսինքն՝ եթե ժամանակին Բուդապեշտում Արարատ Միրզոյանն ասում էր, որ մենք առաջընթաց ենք գրանցում բանակցային գործընթացում, խոսքն այն առաջընթացի մասին էր, որ Արցախում էթնիկ զտում տեղի ունեցավ, ու Ադրբեջանը Արցախի հարցը դուրս թողեց քննարկումներից։ Սա Միրզոյանի համար առաջընթաց էր, որի մասին նա խոսում էր միջազգային հարթակներում, պարզ չէ՞, որ կարևոր ծառայություն են մատուցում Ադրբեջանին իրենց այդ քայլով։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ի՞նչ հնարավոր գործողությունների է պատրաստվում Ադրբեջանը։

– Չեմ կարող ասել Ադրբեջանի քայլերի հերթականությունը։ Նպատակներից են «անկլավները», Տիգրանաշենի խնդիրը ու այլ ստրատեգիական կետերի հետ կապված, մյուսը՝ Սյունիքով անցնող ճանապարհը, որն իբր դուրս է թողնվել խաղաղության թեմայից, բայց իրականում Ադրբեջանն այդ հարցն ուրիշ ձևով է պատրաստվում լուծել, ընդամենը սա է եղել Ադրբեջանում կայացված որոշման պատճառը։ 

Իրեն հարմար չէր հարցն այդ տիրույթում լուծել, դրա համար է այդ որոշմանը եկել, այսինքն՝ այդ դիտանկյունից որ նայես, իրենք մի քանի խնդիր ունեն իրենց առաջ դրված, թե ինչպե՛ս ու ի՛նչ հերթականությամբ դա կանեն՝ դա հարցի այլ կողմն է։ Ամեն դեպքում սեպտեմբերին խորհրդարանի արտահերթ ընտրություն է իրենց մոտ, որից հետո հյուրընկալում են COP29-ը, որից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ազատ է իր գործողություններում, իսկ հիմա ստուգում է տրամադրություններ, հենք, որ հետագա պլանավորումը կատարի։

– Իսկ ռազմական գործողությունների կգնա՞, թե՞ պատերազմի սպառնալիքով կփորձի խնդիրները լուծել։

– Կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքն էլ բավականին լուրջ է, հատկապես որ Հայաստանի իշխանություններն իրենք են այդ սպառնալիքը կիրառում հայ ժողովրդի դեմ, քանի որ չեն կարողանում ապահովել պետական շահի սպասարկում, գալիս, ժողովրդին ասում են՝ տեսեք՝ Ադրբեջանը սպառնում է, եթե չանենք՝ պատերազմ կլինի։ 

– Ադրբեջանի հնարավոր գործողություններին սպասենք COP29-ից հետո՞, տիկի՛ն Հայրապետյան։

– Կդժվարանամ ասել, ուղղակի, զուտ տրամաբանորեն, միջազգային իրավիճակը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ Ադրբեջանը դեռևս տրամադրություններ է ստուգում, հետո արդեն հետագա պլանավորումը կկատարվի։

– «Զանգեզուրի միջանցքի» հարցն ի՞նչ ձևով են ուզում լուծել, որ ասում եք՝ սրան համաձայն չէին, դրա համար դուրս են թողել խաղաղության ծրագրից։

– Քանի որ այդ ամբողջ հարցազրույցը, հայտարարությունը եղան Ամիրբեկովի՝ ԱՄՆ-ն այցից առաջ, դա ինձ հիմք է տալիս մտածելու, որ ԱՄՆ-ի առաջարկն ընդունելի չէր իրենց համար։ Փաստացի ԱՄՆ-ն իրենց առաջարկում էր դուրս թողնել Իրանին, Ռուսաստանին ու կապող օղակ դառնալ Կենտրոնական Ասիայի հետ, ենթադրում են նաև ինչ-որ կազմակերպության, այլ ոչ թե պետության տալ դրա հսկողությունը, որի մասին Փաշինյանին հարող փորձագիտական շրջանակներն էլ էին խոսում, ու ադրբեջանական կողմին դա ընդունելի չի եղել։ 

Փաստացի, այդ առաջարկից հետո Ադրբեջանը Չինաստանի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության թուղթ ու այդ ուղղությամբ է շարժվում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը մտածում է, որ եթե ռազմական ճանապարհով չկարողանա խնդիրը լուծել, Չինաստանի միջոցով, օգտագործելով Չինաստանի ու Իրանի կապը, փորձել հասնել այդ հարցում ինչ-որ փոփոխության։ 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն