Չինաստանն աջակցում է Իրանի ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու ջանքերին. չինացի պաշտոնյա
Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային կապերի բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոն հայտարարել է, որ Չինաստանն աջակցում է Իրանի ջանքերին, որպեսզի երկիրը պաշտպանի իր ազգային ինքնիշխանությունն օտարերկրյա ապակայունացնող միջամտությունից և դիմակայի անօրինական պատժամիջոցներին։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, այս մասին Ցզյանչաոն ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիանը Պեկինում երկու երկրների նախագահների միջև կայացած արդյունավետ խորհրդակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները համարել է երկու երկրների հարաբերությունների նոր հորիզոն։ Նա միևնույն ժամանակ կոչ է արել օգտագործել երկու երկրների քաղաքական ինստիտուտների կարողություններն ու ամրապնդել առկա փոխըմբռնումը և վստահությունը։
Անդրադառնալով Իրանի և Չինաստանի մշակութային համագործակցության հսկայական հնարավորություններին՝ Իրանի գլխավոր դիվանագետն իրանական կինոյի մշակութային հարստությունն ու միջազգային հեղինակությունը եզակի հնարավորություն է համարել։ Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ իրանական ֆիլմերն արագորեն կմտնեն չինական շուկա։
Լյու Ցզյանչաոն իր հերթին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նա Թեհրան-Պեկին ռազմավարական հարաբերություններն ազդեցիկ է համարել՝ տարածաշրջանային զարգացումների վրա ազդելու տեսանկյունից։
Վերջինս հավելել է, որ աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, իսկ Արևմուտքը դեռևս չի ցանկանում վերջ տալ իր հեգեմոնիային։
Ավելացնել նոր մեկնաբանություն