Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նախորդ տարի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է առանց չափազանցության։ Ինչպես հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա շեշտել է, որ փաստաթուղթը նախանշում է երկու երկրների հարաբերությունների նոր որակը։
«Բոլոր ոլորտներում սահմանված են համագործակցության հիմնական ուղղությունները։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային ասպարեզում»,- նշել է նա։
Զախարովան հավելել է, որ Մոսկվան և Բաքուն աշխատում են ստորագրված փաստաթղթի դրույթների իրականացման ուղղությամբ։ «Հռչակագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երկու երկրների դաշնակցային համագործակցության հռչակագիրը ստորագրել են Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին:
Ավելացնել նոր մեկնաբանություն