Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ. Սեյրան Օհանյան
ՀՀ իշխանությունների կողմից աջակցության բացակայության պայմաններում արցախցիների վերադարձն Արցախ դժվար է, բայց պետք է պայքարել, արցախահայությունը, ողջ ժողովուրդը չպետք է ընկճվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրը, այցելել էր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն:
«Երբեք ոչինչ կորսված չէ, Արցախի էջը փակ չէ՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք. առաջին՝ հակամարտությունն ավարտված չէ Ադրբեջանի հանցագործ գործունեությամբ: Անցած տարվա սեպտեմբեր ամսին Արցախի նկատմամբ իրականացվել է ցեղասպանություն, այսինքն՝ հակամարտությունն ավելի է խորացել:
Երկրորդ՝ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանել, և Արցախի բոլոր ինստիտուտները, կառավարման ամբողջ համակարգը պետք է իրենց գործունեությունը շարունակեն Արցախի կարգավիճակի և միջազգային անվտանգության երաշխիքների շրջանակներում, Արցախի ժողովրդի վերադարձի համատեքստում: Եվ այս առումով Արցախի ճակատագրի շուրջ բանակցությունները՝ գոյություն ունեցող թե այլ, նոր ձևաչափերով, որոնք արցախահայությունը և հայ ժողովուրդը կընտրեն, այլընտրանք չունեն»,- ասել է Օհանյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները խաչ են քաշել Արցախի վրա:
Անդրադառնալով Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, ռազմական գործիչների խնդրին՝ Սեյրան Օհանյանը նշել է՝ եթե ՀՀ իշխանություններն ունեն բարոյական կեցվածք, ամեն ինչ պետք է անեն, որ մեր գերիներն ու պատանդներն Ադրբեջանից Հայաստան վերադարձվեն:
Ավելացնել նոր մեկնաբանություն