Submitted by D.Guyumjyan on
detq

Իրանը վերահաստատում է՝ դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի օգնական Մոջթաբա Դեմիրջիլուն հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հաղորդում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը նախօրեին կանչվել է Իրանի ԱԳՆ, և վերջինիս հետ հանդիպման ժամանակ Դեմիրջիլուն ընդգծել է բոլոր երկրների շահերին և օրինական մտահոգություններին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը։

Դիվանագետները, մտքեր փոխանակելով Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նշել են ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկրների փոխադարձ շահերի նկատմամբ հարգանք ցուցաբերելու անհրաժեշտությունը: Ըստ նրանց՝ դա կայուն խաղաղության և տարածաշրջանային համագործակցության երաշխիքն է։

Դեմիրջիլուն և Դեդովն ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, որը կնպաստի առկա խնդիրների լուծմանը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը և տնտեսական ծրագրերի իրականացմանը՝ հաշվի առնելով բոլոր կողմերի շահերը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են «3+3» խորհրդատվական ձևաչափի առաջիկա հանդիպման մանրամասները, որը պետք է կայանա Թուրքիայում։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Ռուսաստանի դեսպանին կանչել է հանդիպման այն բանից հետո, երբ Մոսկվան վերջերս հրապարակային աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն