Անկախ իշխանության հանդեպ վերաբերմունքից, պետությունը պետք է զբաղվի իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ. ՄԻԵԴ-ում ռազմագերիների ներկայացուցիչ
«NEWS.am»․ Անկախ քաղաքացու՝ գործող իշխանությունների նկատմամբ վերբերմունքից, պետությունը պարտավոր է զբաղվել իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
Տիկին Սահակյան, վերջին ասուլիսին վարչապետը նշեց, որ ամենօրյա աշխատանք է տարվում Բաքվում պահվող գերիների ու պատանդների ազատ արձակման ուղղությամբ, չնայած հաջորդ՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես հակասեց ինքն իրեն: Չնայած նրա նշած ամենօրյա աշխատանքին, որևէ առաջընթաց, այդուամենայնիվ, այս հարցում չի նկատվում:
Տպավորություն է, թե պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ իրավական լծակ չունի ազդելու Ադրբեջանի վրա, որն ապօրինի պահում է մեր հայրենակիցներին, որոնց մի մասը ՀՀ քաղաքացիներ են, ինչպես Ռուբեն Վարդանյանը, մյուսներն էլ էթնիկ հայեր, ինչպես բնորոշում են իշխանությունների ներկայացուցիչները: Արդյո՞ք պետությունն իսկապես այդքան անզոր է:
Եկեք պարզապես թվարկենք այն գործիքակազմը, որ պետությունը, ըստ միջազգային մի շարք փաստաթղթերի, կարող է ձեռնարկել այլ երկրում ձերբակալված իր քաղաքացիներին ազատ արձակման համար:
Առաջինն ու ամենակարևորը՝ նրանց ազատ արձակման վերաբերյալ արդյունավետ բանակցությունների վարումն է: Դա պետության պարտավորությունն է իր քաղաքացիների նկատմամբ, այլ ոչ թե շնորհ պետության կողմից: Անկախ նրանից, թե Ռուբեն Վարդանյանը կամ մեկ ուրիշ ՀՀ քաղաքացի ինչպիսի վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, պետությունը պարտավոր է զբաղվել ապօրինի կալանավորված իր քաղաքացու իրավունքների պաշտպանությամբ: Եվ եթե պետությունը չի իրացնում իր այդ պոզիտիվ իրավունքը, դա նշանակում է ձախողում է իր կարևոր գործառույթներից մեկը: Ուզում եմ հուսալ, որ վարչապետի նշած ամենօրյա աշխատանքը հենց այս գործառույթի իրականացմանն է վերաբերում:
Մյուս կարևոր կետը՝ ձերբակալված անձանց ամեն կերպ հյուպատոսական ծառայության հասանելիության ապահովումն է: Հաշվի առնելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի, կառավարությունը կարող է լիազորել երրորդ երկրի իր անունից հյուպատոսական ծառայություն մատուցելու իր կալանավորված քաղաքացիներին: Եվ այդ երրորդ երկիրը կարող է ներկայացուցիչ կամ անգամ իր դեսպանին ուղարկել՝ ծանոթանալու բանտարկյալների պահման պայմաններին, փոխանցել նամակներ, ծանրոցներ, գրքեր:
Կառավարությունը իրավասու է նաև մասնավոր դիվանագիտական խողովակների կամ նորից երրորդ երկրի միջոցով բանտարկյալներին պահող երկրին իր մտահոգությունները հայտնել նրանց նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի մասով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն