
Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է. ՔՊ պատգամավոր
Հայաստանն ուղարկել է խաղաղության պայմանագրի իր 10-րդ խմբագրումը, որտեղ կարևոր քայլ է արել և բոլոր համաձայնեցված ու գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում է Ադրբեջանին ստորագրել այն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է:
«Կարծում եմ՝ խաղաղության պայմանագրի առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են: Այսինքն՝ հնարավոր է այդպիսով ունենալ խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, և Ադրբեջանը պետք է պաշտոնապես արձագանքի սրան: Բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը, համաձայնեցված է, և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- նշել է նա:
Պատգամավորն անդրադարձավ նաև ՀՀ-ի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջներին. «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու և խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումներն են: Երրորդ կողմը չի կարող ստիպել կամ պահանջել չզինվել։ Հայաստանի կառավարությունը շատ հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որն անարձագանք է մնացել: Պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ այդպիսի մտահոգություն կա, այստեղ էլ ավելի կա այդ մտահոգությունը, և դրա համար էլ ավելի շատ տրամաբանական կլինի, որ այդպիսի մեխանիզմ գործի»:
Ավելացնել նոր մեկնաբանություն