վդաս

Հայաստանին ռազմարդյունաբերություն պետք չէ՞. ինչու լուծարվեց Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտը 

Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկն էր Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարման մասին նախագիծը: Թե ինչու է գործադիրը որոշել լուծարել այն ինստիտուտը, որը կոչված էր զբաղվելու նոր զինատեսակների և ռազմական տեխնիկայի մշակմամբ, մարտավարատեխնիկական բնութագրերի, նոր պատերազմների բնույթների վերլուծությամբ և դրանց համահունչ ռազմական տեխնիկայի պատվերը ձևակերպելու հարցերով, տեղեկանում ենք միայն որոշման հիմնավորումից, քանի որ կառավարության անդամներն այդպես էլ չխոսեցին խնդրի վերաբերյալ: 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ինստիտուտի լուծարմամբ կանխում են ՊՆ-ի և ԳՇ կոնկրետ վարչությունների հետ դրա գործառույթների կրկնությունը: Սակայն նշենք, որ ինստիտուտը ստեղծվել է 2018 թվականին, իսկ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի տվյալ ստորաբաժանումների գործառույթները հստակեցվել են վերջերս, այսինքն` հենց իրենք են կրկնում ինստիտուտի գործառույթները և ոչ թե հակառակը:

Նշենք, որ Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախաձեռնությանը ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել 2018 թվականի մայիսի 11-ի նիստի ժամանակ` այսինքն իշխանափոխությունից անմիջապես հետո: Ստացվում է` նման ինստիտուտ ստեղծելու գաղափարը պատկանում էր նախկիններին, իսկ իրագործելու էր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: 

ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ ստեղծվող ինստիտուտի մասին կառավարության նիստի ժամանակ խոսել էր տվյալ ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը` նշելով. «Ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ: Մենք պետք է հասկանանք, թե զորքերն ի՞նչ են ուզում ունենալ, ո՞րն է ամենակարևոր խնդիրը, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ո՞ր ուղղություններն են զարգացնելու համար առաջնահերթ: Այն լինելու է զինված ուժերի և մշակող ինստիտուտների միջև օղակ, որը հստակ ձևակերպելու է խնդիրը, առաջադրանքը: Հիմա դա ոչ համակարգված է արվում: Խոսքը մեծ կառույցի մասին չէ, ամեն ուղղությամբ մեկ-երկու մասնագետ է լինելու: Այս ինստիտուտը չի լինելու փոխարինող ինչ-որ մեկին, այլ լրացնող»: 

Նրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Փաստորեն, մենք սրանով ուզում ենք ստեղծել ռազմարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները և ըստ այդմ կձևակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»:

Ինչո՞ւ նախորդ 6 տարիների ընթացքում այդ ինստիտուտը չկարողացավ իրականացնել այն գործառույթները, որոնց համար ստեղծվել էր, դժվար է ասել: Սակայն, ինչպես նկատում է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, տեխնոլոգիական փորձագետ Ավետիք Քերոբյանը, անկախ այդ ինստիտուտի գործունեության արդյունավետությունից` դրա լուծարումը ևս մեկ հետքայլ է ռազմարդյունաբերության ոլորտում` ի թիվս բազմաթիվ այլ քայլերի: 

Նա հիշեցնում է, որ 2024 թ. բյուջեով նախատեսված պաշտպանական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված համարյա 7 մլրդ դրամից ոչ մի դրամ չի ծախսվել, Ռազմարդյունաբերության կոմիտեն էլ երկու ամսից ավելի է` ղեկավար չունի: 

Նշենք, որ 2023-ի գարնան ԳԱԱ տարեկան ժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս խոսել էր ռազմարդյունաբերության մասին՝ մասնավորապես նշելով, որ այդ ոլորտին ուղղված գումարները չեն կարողանում իրացնել, քանի որ չկա առաջարկ։

«Ռազմարդյունաբերության գումարներն արդեն 3-րդ տարին է՝ մենք չենք կարողանում իրացնել։ Գումարը տրված է բավականին մեծ` 6.8 մլրդ գումար ունենք ռազմարդյունաբերական նպատակներով, ու եթե դրա կեսը մենք կարողանանք իրացնել կամ մի քիչ ավելի, մի քիչ պակաս, մենք գոհ կլինենք։ Այդ գումարներն ուղղվում են հենց մեր գիտությանը․․․ ես հիմա խնդրում եմ ձեզ՝ այդ ուղղությամբ մտածեք և այդ ուղղությամբ աշխատեք։ Եթե կան գաղափարներ, որոնք օգտակար կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, հենց ռազմարդյունաբերական համալիրին, այն հնարավորությունները, որ կան՝ զուտ դիմելու՝ այդ արտոնությունը ստանալու կամ այդ ֆինանսավորումից օգտվելու համար, շատ պարզ է։ Ամենակարևորը որ ֆինանսական ռեսուրսը կա, պետությունն այդ հնարավորությունը տալիս է և մեծ սպասելիքներ ունի հենց գիտությունից, որ այդ բնագավառում մենք նոր հաջողություններ կարձանագրենք»,- դիմելով գիտնականներին՝ հայտարարել էր Խաչատուրյանը` հարուցելով նրանց տարակուսանքը։ 

Պարզ ասած` իշխանությունն ասում է, որ Հայաստանում կարող են ռազմական արդյունաբերություն ստեղծել, զենք արտադրել, բայց գիտնականների մեղքով դա չի արվում: Որտե՞ղ է խզումը, և ինչո՞ւ չի ստացվում Հայաստանում զարգացնել ռազմական արտադրությունը. այս հարցերին «Դետք»-ը կանդրադառնա իր առաջիկա մի քանի հրապարակումներում: 


 

Ավելացնել նոր մեկնաբանություն