
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կապեր հաստատելու դրույթ է նախատեսվում․ Փաշինյան
Տևական խաղաղություն Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ։
Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է։ Մասնավորապես խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս 3 հոդված մասնակի համաձայնեցված է։ ՀՀ-ն, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ անկյունաքարային դրույթները, առաջարկել է առանձնացնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնավոր փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները։
«Այս պահին համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Փաշինյանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն