Մինչև «COP29»-ը Ադրբեջանն իր միջազգային իմիջի հետ չի խաղալու, հետևաբար դժվար թե հարձակման որևէ փորձ անի. քաղաքագետ
«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը:
- Արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստ են Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության պայմանագրի» արդեն համաձայնեցված կետերը` չհամաձայնեցված հարցերը թողնելով ապագային: Դեռ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսից հետո պարզ էր, որ Բաքուն մերժում է այս առաջարկությունը, ընդ որում՝ Հայաստանին մեղադրելով անլրջության մեջ: Ինչո՞վ եք պայմանավորում ՀՀ վարչապետի կողմից կրկին այդ առաջարկի հնչեցումը, նրա շտապողականությունն այս հարցում, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ:
- Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության մասին, ապա Հայաստանը և Հայաստանի կենսական շահը դրանով չեն սպասարկվելու: Բայց եթե մենք դիտարկում ենք առանձին վերցրած իշխանության շահը, ապա, հատկապես վերջին շրջանում, ակնհայտ է դառնում, որ իշխանությունների այս «խաղաղության» դրույթը գոնե այս ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում մեռելածին է, այսինքն՝ իրականության հետ շատ քիչ աղերս ունի: Դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի վարքագիծը, նրանց հայտարարությունները: Հայաստանի իշխանություններն ամեն գնով փորձում են այս պահին ինչ-որ փաստաթուղթ ստանալ՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, իսկ նրանց հատկապես քարոզչական գործիքների կիրառման տեսանկյունից անհրաժեշտ է փաստաթուղթ, որով ցույց կտան, թե իրենք, այնուամենայնիվ, ինչ-որ բան ստացել են, որ իրենց քարոզած խաղաղության դրույթն իրական է:
- Այսինքն՝ Փաշինյանի հայտարարություններն ուղղված են առավելապես ներքի՞ն լսարանին:
- Կարծում եմ, որ մեծ հաշվով այդ փաստաթուղթը հանուն ներքին լսարանի է, որովհետև այլ պարագայում ուղղակի իմաստ չունի խոսել ընդամենը պայմանագրի այն կետերի մասին, որը ցանկանում են ստորագրել: Բացի դրանից՝ դա արդեն դառնում է շրջանակային համաձայնագիր, ոչ թե «խաղաղության պայմանագիր», որը վերաբերելու է խնդրի հիմքերին` միջազգային իրավունքի նորմերի վկայակոչմամբ: Իսկ այն, ինչ պատրաստվում են ստորագրել, չի ունենալու ամենաֆունդամենտալ հարցերի պատասխանները: Մյուս կողմից՝ տեսեք, թե ինչպիսի մարտավարական հնարք է փորձելու կիրառել իշխանությունը: Եթե նա ինչ-որ կերպ ստանա այդ փաստաթուղթը, վաղը Հայաստանի առջև դրվելու է ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը, ինչը ևս Բաքվի պահանջներից է: Գիտենք, որ 2027 թվականին նախատեսված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ես կարծում եմ` այստեղ կիրառվելու է քարոզչական հնարք, որ մենք հասել ենք խաղաղության, բայց եթե ժողովուրդը «այո» չասի մեր բերած նախագծին, լինելու է պատերազմ: Եվ ժողովրդին ահաբեկման ու վախի մեջ պահելով` փորձելու են իրացնել Ադրբեջանի հերթական պահանջը:
Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված շտապողականությունը` ստանալու փաստաթուղթ, որով խաղաղության հեքիաթներն ավելի կուռճացվեն ու կներկայացվեն հանրությանը, որ հետագայում էլ մարդկանց ասեն` եթե սահմանադրական հանրաքվեին չասես «այո», կզրկվես խաղաղությունից:
Եթե հիշենք ՀՀ իշխանությունների վարքագիծը նախկինում, դա նման էր ինչ-որ փաստաթուղթ մուրալուն, հիմա դա հասել է իր գագաթնակետին, երբ ուզում են փաստաթուղթ ստանալ համաձայնեցված դետալներից և անունը դնել «խաղաղության պայմանագիր»: Բնականաբար, Ադրբեջանը չի գնալու սրան: Ես բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանը փորձելու է հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից: Հետևաբար, եթե նույնիսկ համաձայնեն նման փաստաթուղթ ստորագրել, ստիպելու են Հայաստանին և այն կողմերին, որ շահագրգռված են այդ փաստաթղթի շուտափույթ ստորագրմամբ, ինչ-որ գին վճարել:
- Այդ գինը միջանցքի պահա՞նջն է լինելու:
- Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է:
- Օրերս Լավրովի արած հայտարարությունից հետո, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը, կրկին օրակարգ եկավ «Զանգեզուրի միջանցքի» թեման: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Լավրովի հայտարարությանը, սակայն թեման շարունակում է եռալ: Տեսնում ենք նաև Իրանի կոշտ արձագանքը դրան: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
- Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և դրա 9-րդ կետը բաց տեղեկատվություն են, և յուրաքանչյուր անձ դրանց կարող է ծանոթանալ, իսկ ՀՀ վարչապետի խոսքերն այլևս տրամաբանություն չունեն:
Ինչ վերաբերում է Իրանի վարքագծին, նա սպասարկում է իր ազգային շահերը, և քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք չենք կարող վարել այնպիսի քաղաքականություն, որն ակնկալում է իրանական կողմը, իսկ դա ռազմավարական համագործակցություն է բոլոր ոլորտներում, ինչպես նշում են իրանցի պաշտոնյաները, հետևաբար, ինչ-որ պահի Իրանը կարող է նաև պայմանավորվել այլ կողմերի հետ, եթե իհարկե համարի, որ Հայաստանը պատրաստվում է զիջումների, և ինչ-ինչ համաձայնության դիմաց Իրանը ևս կարող է նահանջել այս դիրքերից:
Բայց այս պահին քանի որ Իրանը տեսնում է հնարավորություն կանխարգելելու դա, մենք տեսնում ենք, այս թեմայի ամեն մի թեժացման պահին իր վճռական խոսքն է ասում: Ինչքա՞ն կշարունակվի այս վիճակը, կարծում եմ` կախված է ՀՀ իշխանությունների վարքագծից:
- Իսկ Իրանի և Ռուսաստանի միջև հակասություննե՞րը...
- Ես կարծում եմ` մի օր Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվելու են: Դա կլինի մեր հաշվին, մեր դեմ, թե հօգուտ մեզ, արդեն կախված է տվյալ պահին մեր քաղաքական վարքագծից:
- Այս օրերին խոսք էր գնում Սյունիքի մարզով ճանապարհի վերահսկողությունն այլ պետության մասնավոր ընկերությանը տալու վերաբերյալ: Ի՞նչ կարծիքի եք:
- Սա մեծագույն հիմարություն է, և ես կարծում եմ` ինքնիշխանությունը զիջելու առաջին քայլը կլինի: Ես նման նախադեպ դեռ չեմ կարողացել գտնել:
- Տարվա ընթացքում փորձագետները կանխորոշում էին թեժ աշուն: Հիմա, ներկա զարգացումներին հետևելով, ի՞նչ կարելի է ասել:
- Կարծում եմ`հատկապես մինչև «COP29»-ը Ադրբեջանն իր միջազգային իմիջի հետ չի խաղալու, հետևաբար աշնանը Բաքուն դժվար թե հարձակման որևէ փորձ անի: Բայց նա դա կարող է գարնանն անել:
Ավելացնել նոր մեկնաբանություն