
ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր. ԱԽ քարտուղար
Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Ըստ նրա՝ այս ոլորտում հաջողություններից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է:
«Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք ՌԴ-ի հետ: Այսօր այդ թիվը 96-ից իջել է 10 տոկոսից էլ ցածր: Դա վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկեր ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Մեկը Հնդկաստանն է, մյուսը՝ Ֆրանսիան, և մենք փնտրում ենք այլ գործընկերներ»,- ասել է նա:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն՝ ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը. «Սա մեր ռազմավարական նպատակն է: Նաև ուզում ենք ունենալ 4-5 գործընկեր, որոնցից յուրաքանչյուրի հետ համագործակցության ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»:
Ավելացնել նոր մեկնաբանություն