
Հայաստանը նշում է Անկախության օրը
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը որոշեց դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից և ստեղծել անկախ պետություն:
1991 թվականի հենց այս օրը կազմակերպվեց հանրաքվե, որին մասնակցեց Հայաստանի բնակչության ավելի քան 95 տոկոսը: Իսկ հանրաքվեի մասնակիցների 99 տոկոսից ավելին «Այո՛» ասաց անկախությանը, «Այո՛» պատասխանեց «Համաձա՞յն եք, որ Հայաստանը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին: 2 օր անց արդեն Հայաստանի Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով հանրաքվեի արդյունքները, հռչակեց Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն:
Անկախությունը հռչակելուց հետո անհրաժեշտ էր կայացնել ու պաշտպանել: Հռչակմանը հաջորդեց ճանաչման գործընթացը: 1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: 1992-ի մարտի 2-ին արդեն մեր երկիրը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, իսկ անկախությունը, պետականությունը ստիպված եղանք պաշտպանել պարտադրված պատերազմում՝ քաջարի հայորդիների արյան գնով:
Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։ Երևանում Անկախության տոնին նվիրված ռազմական շքերթներ կազմակերպվել են 1992, 1996, 1999, 2006, 2011 և 2016 թվականներին: Սակայն 2021 թվականին անկախության 30-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակում շքերթի փոխարեն համերգ է տեղի ունեցել:
Ավելացնել նոր մեկնաբանություն