Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանը. ԱԳ նախարար
Կանադան կոչ է անում և շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Արցախի Հանրապետությունում Ադրբեջանի ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ տարածած ուղերձում։
Նախարարը նշել է, որ Կանադան աջակցում է նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակությանը՝ հանուն տարածաշրջանի ժողովրդի արդար ու երկարատև խաղաղության։
Շեշտելով, որ Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի պատերազմի ժամանակ գերեվարված բոլոր հայերին, Ժոլին ասել է՝ շարունակում են կոչ անել ազատ արձակել նաև Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։
«Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային լուծմանն ու ուժի չկիրառման սկզբունքին, ինչպես նաև տարածքային ամբողջականության հարգմանը, ժողովրդի արդար ինքնորոշման իրավունքին։ Սա պետք է ենթադրի հայ բնակիչների վերադարձի ապահով և արժանապատիվ իրավունք, մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ և տարածքում հայկական մշակութային ու պատմական ժառանգության պահպանություն»,- նշված է հայտարարությունում։
Ավելացնել նոր մեկնաբանություն