սվդբֆն

Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

- Օրերս Դուք գրառում էիք կատարել այն մասին, որ Ադրբեջանն ունի Հայաստանի և Արցախի քաղաքական ողջ ղեկավարության, ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ բարձրագույն սպայական կազմի մասով անձնական գործեր, թե ով, որ գործողությանը, ինչ կարգավիճակով է մասնակցել կամ ծրագրել: Ե՞րբ և ինչպե՞ս է հակառակորդը ձեռք բերել այդ ողջ տեղեկությունը և ինչպե՞ս կարող է այն օգտագործել: 

- Մենք անկախ հանրապետության պատմության մեջ ունեցել ենք երեք ակտիվ պատերազմական փուլ. առաջին փուլը՝ մինչև 1994 թվականը, երկրորդը` Ապրիլյան պատերազմը և վերջում` 44-օրյա պատերազմը: Այդ ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում եղել են դիվերսիոն հարձակումներ, տարբեր տիպի հետախուզական գործողություններ, և Ադրբեջանն այդ ողջ ընթացքում իր առաջ խնդիր է ունեցել տեղեկություն հավաքելու, որ հասկանա, թե, օրինակ, առաջին պատերազմի ժամանակ ձեռնարկված որ ռազմական գործողության, որ հարձակման պատասխանատուն ովքեր են եղել, ովքեր են ներգրավված եղել դրանցում` սկսած վարորդներից մինչև հրամանատար և գործողության քաղաքական պատասխանատուներ: Մի շատ փոքր դրվագ հիշեցնեմ. այսօր Ադրբեջանում գերության մեջ է գտնվում, կարծեմ, Սամվել Բաբայանի նախկին վարորդը, որը տարեց տղամարդ է, և նրա նկատմամբ դատական գործընթաց կա: Դա ընդամենը մի դրվագ է, բայց մենք պետք է հասկանանք, որ երբ խոսում ենք, այսպես ասած, ցուցակների մասին, խոսում ենք Արցախի քաղաքական ղեկավարության մասին, ռազմական ղեկավարության մասին, բոլոր այն օպերացիաները, որ ծրագրվել և իրագործվել են, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամկազմի տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ ամեն ինչի հետ կապված իրենք ունեն առանձին գործեր` առանձին մարդկանց մասով:

- Ի՞նչ խնդիր է դա լուծում Բաքվի համար: 

- Ադրբեջանը նախ խնդիր է դնելու պոպուլիզմի և քարոզչության, և փորձելու է, այսպես կոչված, էթնիկ զտումների ու, իբր, ցեղասպանական գործողությունների մասով այդ բոլոր մարդկանց ներգրավել դատական գործընթացների մեջ: Նրանք այդ ծրագրերը կազմելու են հստակ պատասխանատուներով, ներգրավված անձանցով և այլն, եթե կարողանան հարմար կոնյուկտուրա գտնել, իսկ դա կախված է լինելու Հայաստանի ղեկավարության վերաբերմունքից, տարածաշրջանում աշխարհաքաղաքական միջավայրից և այլն, ապա նրանք այդ գործընթացին զարկ կտան: Իսկ այդ գործընթացը լինելու է, հավանաբար, 300 հազարին մոտ ադրբեջանցիների` «Հայաստան վերադարձի» փաթեթի մի մասը: Նրանք լավ հասկանում են, որ այն մարդիկ, որ ներգրավվածություն են ունեցել ռազմական գործողությունների մեջ, խնդիրներ են ստեղծել ադրբեջանցիների «վերադարձի» հետ կապված, հետևաբար, այդ մարդկանցից ցանկանում են ազատվել, ուստի այդ ամենը պետք է անել ճիշտ քարոզչական գործիքակազմով և միջազգային իրավունքի անվան տակ: Սա ավելի շատ ահազանգ պետք է լինի պատերազմների բովով անցած քաղաքական և ռազմական ղեկավարությանը, որ իրենց մասով ունեցած տվյալները Ադրբեջանը կարող է օգտագործել: 

Բաքվում շատ մանրամասն ուսումնասիրում են սոցիալական ցանցերը, վերլուծում են այն տեսանյութերն ու ֆիլմերը, որոնք Հայաստանում են նկարահանվել այս ընթացքում, ուշադիր հետևում են տարբեր մարդկանց, այդ թվում` նախկին ռազմական գործիչների հարցազրույցներին, և, վերջապես, Բաքուն ունի հետախուզություն, որն այս ողջ ընթացքում աշխատանք է իրականացրել, ավելին ասեմ`կա անհրաժեշտ չափով չճշտված ինֆորմացիա, որ իրենք դեռ մինչև պատերազմը, այդ ողջ ընթացքում այդ փաթեթներն ու թղթապանակներն ապահովել են, և իրենք ինչ-որ փուլում, հավանաբար, կփորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ ստանալ: 

Ինչպես տեսանք, երեկ Ադրբեջանում գտնվող Արցախի կառավարչական էլիտայի ներկայացուցիչների նկատմամբ նոր մեղադրանքներ են առաջ քաշվել, և այդ մեղադրանքները հետագայում լրացվելու են: Այդ գործընթացը վերաբերելու է ոչ միայն Բաքվում գերության կարգավիճակում գտնվողներին, այլ նաև որոշ քաղաքական ու ռազմական գործիչների Հայաստանում: 

- Դուք ասացիք, որ հող է նախապատրաստվում ադրբեջանցիների «վերադարձի» ծրագրի համար: Տեսանք, որ օրերս էլ Ալիևն անձամբ այդ թեմայով սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին: Մենք նախապատրաստվո՞ւմ ենք դիմակայելու այդ գործընթացներին, թե՞, ըստ Ձեզ, Հայաստանը չի խոչընդոտելու Բաքվի ծրագիրը: 

- Այդ «վերադարձի» թեմայի մասին ես խոսել եմ երեք տարի առաջ` դեռևս 2021  թվականի աշնանը, հեռուստաեթերից: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, չենք նախապատրաստվում ոչ մի բանի, մենք ավելի շատ էմոցիոնալ դաշտում ենք հարցերին մոտենում, հաճախ էլ մեր ընկալման մեջ նման ռիսկային իրավիճակները մեկնաբանում ենք, թե դա հնարավոր չէ: Հավատացնում եմ Ձեզ, քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և Ադրբեջանը հետևողականորեն աշխատում է այդ ուղղությամբ: Դա նոր չէ. այն, ինչ հիմա նրանք գործարկում են հրապարակային դաշտում, վաղուց է ծրագրված: Այսօր նրանք հայտարարում են, թե կան ադրբեջանցիներ, որ պետք է վերադառնան, այսպես կոչված, իրենց հայրենի բնակատեղիներ, և ավելին ասեմ`100 հազարի չափ փախստական էլ իրավական որոշակի բովանդակություն ունեցող նախկին սեփականության վկայական ունի, որոնք օգտագործվելու են այս գործընթացի ժամանակ: Իրենք այդ օրակարգով են հետ գալու, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ հայց է ներկայացվելու, կոլեկտիվ հայց, և այդ մարդկանց սեփականության իրավունքի վերականգնման հետ կապված գործընթացներ են գնալու: Հայցը կլինի իրավակա՞ն բնույթի, թե՞ այն կտրանսֆորմացնեն քաղաքական օրակարգում, որ գործող իշխանությունները դա սպասարկեն, կյանքը ցույց կտա, հիմա դժվար է ասել, բայց որ Բաքվում այդ փաթեթը լիարժեք են պատրաստել, որ հետագայում խնդիրներ չլինեն, դա վստահորեն պետք է իմանալ: Ավելին ասեմ, իրականությունը մի փոքր այլ է: Այդ 300 հազար ադրբեջանցիների զգալի մասն իրենց բնակարանները վաճառել են, մի մասը փոխանակել են Բաքվում կամ այլ վայրերում ապրող հայերի բնակարանների հետ, և շատ փոքր տոկոսն է ուղղակի  բնակարանները թողել ու հեռացել: Բայց այն, որ Ալիևը բավականին խելացի է աշխատում այդ ուղղությամբ, փաստ է: Այդ վերաբնակեցվածների գործոնը նա օգտագործելու է քաղաքական իմաստով: Տարիներ շարունակ վրանային ճամբարներում ապրել են ադրբեջանցիներ, որոնք, իբրև, գաղթել են Հայաստանից, բայց նրանց մեծ մասը, էլի եմ կրկնում, իրենց բնակարանները վաճառել է: Սակայն Բաքուն քաղաքական և քարոզչական իմաստով կարողացել է պահել այդ գործոնը, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում: Մարդիկ, որոնք Բաքվի, Սումգայիթի, Գանձակի կամ այլ հատվածներից գաղթել են, տարրալուծվել են, դարձել ՀՀ քաղաքացիներ, որոշակի բնակարաններ ստացել սերտիֆիկատներով: Մենք այդ մարդկանց գործոնը ուղղակի չենք օգտագործել, ուծացրել ենք: 

- Այսօր Հայաստանն ունի՞ ինչ-որ գործիքներ՝ ազդելու Բաքվի ծրագրերի վրա:

- Կարծում եմ` հայկական կողմը գործիքների մասին չէ, որ մտածում է: Հայկական կողմը` ի դեմս գործող վարչապետի, բացառապես մի խնդիր ունի` իշխանություն պահելու գործիքակազմը, որի հիմնական երաշխավորներ է դիտարկում բացառապես Ալիևին ու Էրդողանին: Եվ այդ մասին գործող վարչապետը բաց տեքստով է ասում` խոսելով, այսպես կոչված, խաղաղության օրակարգի մասին: Չեն կարող 300 հազար ադրբեջանցիներ գալ Հայաստան խաղաղության օրակարգի շրջանակում, դա այլևս խաղաղության օրակարգ չի լինի, քանի որ այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանցիներ են ապրել, հիմա հայկական բնակավայրեր են, կամ մի մասն ընդհանրապես բնակելի չէ: Ո՞վ է ապահվելու այդ «վերադարձը», աշխարհի ո՞ր պետությանն են դիմելու: Կա այսպիսի սցենար, որ ՄԱԿ-ին են դիմելու, որպեսզի միջազգային որևէ կառուցի շրջանակում կարողանան էթնիկ բախումներից զերծ մնալու համար իրականացնեն այդ գործընթացը: Դրան դեմ չի լինի Հայաստանը, բայց ինչ-որ մի միավորի պետք է լեգալ մանդատ տան, իսկ առաջին դերում ո՞վ կարող է հանդես գալ` Թուրքիան: Այսինքն՝ Թուրքիան կարող է իբրև էթնիկ բախումները կանխելու երաշխավորի գործառույթի շրջանակում ձեռքը մտցնել Հայաստան: 

Ասեմ ավելին,երբ Հայաստանը Ֆրանսիայից գնել է «Բաստիոն» զրահապատ մեքենաներ, դրանք գնել է հենց այն նպատակով, որպեսզի ստեղծի ազգային գվարդիա, որ «վերադարձող» ադրբեջանցիների իրավունքների և հայկական ազգաբնակչության հետ բախումների գործընթացը կարողանան ինչ-որ ձև վերահսկել: Այսինքն՝ ես խոսում եմ այն մասին, որ արդեն ծրագրված է այդ ամենը, որովհետև «Բաստիոնները» ռազմական գործողությունների համար անպետք գործիքներ են: Ինչո՞ւ են դրանք կիրառվել հիմնականում աֆրիկյան պետություններում՝ բացի նրանից, որ վերջիններս ֆրանսիական գաղութային երկրներ են համարվում, որովհետև այնտեղ ճակատային պատերազմներ չեն լինում, դրանք տեղային բախումներ են: Իսկ «Բաստիոնները» օգտագործում են, որ լոկալ իրավիճակները հարթեն, այսինքն՝ Հայաստանը դրանք գնել է, որ հետագայում կարողանա այդ խնդրին լուծում տալ: Ինչպես ես եմ նկատում, Հայաստանն այդ հանձնառությունից հետ չի կանգնելու: Այսքան ժամանակ գոնե մեկ անգամ չի հնչել այնպիսի հայտարարություն, որով Հայաստանը հերքում է այդպիսի հեռանկարի գոյությունը: 

- Իսկ Ադրբեջանի հավաքագրած այդ փաստական տվյալները միջազգային դաշտում բավարա՞ր են, որպեսզի  իրենք կարողանան անխոչընդոտ իրականացնել այդ «վերադարձի» ծրագիրը: 

- Դեռ պետք չէ շտապել ու միջազգային կոնյուկտուրայի մասին խոսել, բայց ցանկացած ծրագիր կենսունակ է այնքանով, որ դրա սուբյեկտը հետևողական ջանքեր է գործադրում և կարողանում է որոշակի շահերի ընդհանրություն գտնել այն պետությունների հետ, որոնք ցանկություն կունենան այստեղ շահի էլեմենտներ գործածելու: Ասենք, ինչո՞ւ չպետք է Թուրքիան շահագրգիռ լինի, չէ՞ որ Թուրքիան ցեղասպան պետություն է և հարմար առիթ է գտնում հայերին մեղադրելու կամ հայկական ազատագրական բանակների, ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան սպաներին հեղինակազրկող գործողություններում մեղադրելու համար: Ամեն հնարավոր աջակցություն էլ կցուցաբերեն: Այսինքն՝ մենք ունենք հակառակորդ, որը ծրագրված ու հավասարակշռված քայլերի միջոցով կարողանում է իր ազգային շահերը իրացնել` ի հաշիվ Հայաստանի Հանրապետության, և ունենք հակառակ իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանություններն արդեն որոշակի իրողություն դարձած գաղութային իշխանության դիրքերից են հարցերին մոտենում, միայն թե իշխանությունը պահելու օրակարգն անխախտ լինի: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն