Թուրքիայի կրթության նախարարությունը փոխում է պատմական որոշ տերմինների գործածությունը
Թուրքիայի կրթության նախարարությունը ուսումնական պլանի նոր կանոնակարգով փոխում է պատմական որոշ տերմինների գործածությունը։ 2024-2025 ուսումնական տարում կիրառվելիք նոր կանոնակարգի համաձայն՝ «Կենտրոնական Ասիա»-ի փոխարեն կօգտագործվի «Թուրքեստան» տերմինը։ Նշվել է, որ այս փոփոխությունը կատարվել է տարածաշրջանի պատմամշակութային նշանակությունն ընդգծելու նպատակով։
Այս մասին հայտնում է թուրքական «Sozcu» կայքը։
Իսկ «Տեղահանության մասին օրենքի» փոխարեն կկիրառվի «Տեղափոխման և բնակեցման օրենքը», որը նպատակ ունի առավել ճշգրիտ անդրադառնալու տերմինի պատմական ընթացքին։
Կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել 2024-2025 ուստարում ուսումնական պլանում գործող փոփոխությունների վերաբերյալ։ Փոփոխությունները կատարվել են «Թուրքական դարի կրթության մոդելի» շրջանակում, որը կկիրառվի նախադպրոցական, 1-ին, 5-րդ և 9-րդ դասարաններում։ Նախարարությունը հայտարարել է, որ արմատական փոփոխություններ են կատարվել բազմաթիվ ոլորտներում կիրառվող տերմիններում և հասկացություններում, հատկապես պատմական ոլորտում։
Ավելացնել նոր մեկնաբանություն