Submitted by detq-editor on
Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարներն անվտանգային հարցեր են քննարկել

Իրանի և Իրաքի պաշտպանության նախարարներն անվտանգային հարցեր են քննարկել

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հանդիպում է ունեցել Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ Մուհամմադ Սայիդ ալ-Աբբասիի հետ։ Ինչպես հաղորդում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ անվտանգությանն ու սահմաններին վերաբերող հարցեր:

 

Աշտիանին ընդգծել է երկրների միջև միասնության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով Թեհրան-Բաղդադ հարաբերությունները քանդելու որոշ թշնամիների ջանքերը՝ անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ զգույշ և զգոն լինեն այս դավադրությունների նկատմամբ։

Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրաքի հետ կապված խնդիրների նկատմամբ Իրանի մոտեցումը հիմնված է Իրաքի միասնությանն ու ամբողջականությանն աջակցելու, կայունության ու անվտանգության ամրապնդմանն ու երկրի բարգավաճմանը նպաստելու վրա։

Անդրադառնալով Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների առկայությանը՝ Աշտիանին նաև կոչ է արել ուժեղացնել երկու երկրների միջև ռազմական, հետախուզական և անվտանգության համակարգումը։  Նա ասել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանական արդյունաբերության ինքնաբավության ոլորտում իր փորձը փոխանցել հակառակ կողմին։

Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ Մուհամմադ Սայիդ ալ-Աբբասին բարձր է գնահատել Իրանի կողմից Իրաքին ցուցաբերված աջակցությունն ահաբեկչության և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։ Նա կոչ է արել զարգացնել Իրան-Իրաք համագործակցությունը՝ տարածաշրջանային մարտահրավերներն ու ճգնաժամերը լուծելու համար։

Նա միևնույն ժամանակ կարևորել է Իրաքի զինված ուժերը վերակառուցելու երկրի կառավարության ընդունած որոշումը՝ կոչ անելով օգտագործել Իրանի կարողությունները տեխնիկական, տեխնոլոգիական և ուսումնական ոլորտներում:

Ավելացնել նոր մեկնաբանություն