Submitted by detq-editor on
Լավրովը մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները չարաշահելու մեջ

Լավրովը մեղադրել է ԵՄ-ին Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները չարաշահելու մեջ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել է Եվրոպական միությանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները չարաշահելու մեջ։ Ինչպես տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք տեսնում ենք՝ ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի և Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում առաջ տանելով օրինականության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր այսպես կոչված առաքելությունը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ գործառույթների, մանդատի, տևողության առումով և այն ավելացված արժեքի տեսանկյունից, որն առաքելությունը կարող է ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերում»,- ասել է նա։

Լավրովը նաև շեշտել է, որ կողմերն ինքնիշխան ընտրություն կատարելու իրավունք ունեն, թե ում հետ համագործակցեն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով։

«Մենք առաջնորդվում ենք ի հայտ եկած բոլոր խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որոնք նախ՝ կհիմնվեին երեք ղեկավարների սկզբունքային համաձայնության վրա նրանց 4 հայտարարությունների շրջանակում, երկրորդ՝ կապահովեին փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն տարածաշրջանի բոլոր երկրների միջև։ Ոչ բոլոր խաղացողները, նախ՝ նրանք, ովքեր հեռու են գտնվում Հարավային Կովկասից, առաջնորդվում են նման սկզբունքներով և ցանկանում են այստեղ աշխատել ոչ որևէ բանի օգտին, այլ որևէ մեկի դեմ։ Մենք դա տեսնում ենք, բայց ես համոզված եմ, որ դա տեսնում են գործընթացին անմիջականորեն ներգրավված կողմերը»,- եզրափակել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն