Իրանը պատերազմը չի դիտարկում որպես ուկրաինական ճգնաժամի լուծում. Աբդոլլահիան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Իրանը պատերազմը չի դիտարկում որպես ուկրաինական ճգնաժամի լուծում։ Ինչպես հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը, Աբդոլլահիանն այս մասին ասել է Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ կայացած հանդիպման ժամանակ։
Աբդոլլահիանը շեշտել է, որ չնայած Թեհրանի և Մոսկվայի միջև շատ լավ հարաբերություններին՝ Իրանը ռազմական օգնություն չի ցուցաբերում պատերազմի կողմերից ոչ մեկին։ Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ պատերազմը ճգնաժամի լուծում չէ, և պաշտպանում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային արդիական հարցեր, այդ թվում՝ հումանիտար իրավիճակը Սիրիայում, Եմենում, Աֆղանստանում և Ուկրաինայում։
Իրանի ԱԳՆ ղեկավարը, մատնանշելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ իր բանակցությունները, ընդգծել է, որ նշված երկրներին առնչվող հումանիտար խնդիրները միջազգային հանրության ավելի մեծ ուշադրությունն են պահանջում։
Ավելացնել նոր մեկնաբանություն