Ռուսաստանը հորդորում է Իսրայելին դադարեցնել զինված սադրանքները Սիրիայի դեմ
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հորդորել է Իսրայելին դադարեցնել զինված սադրանքները Սիրիայի դեմ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Պոլյանսկին ընդգծել է, որ Սիրիայի տարածքի դեմ Իսրայելի հերթական կամայական ռազմական գործողությունները շարունակվում են։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 19-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը պարբերաբար հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին, մի քանի հրթիռ է արձակվել Դամասկոսի և նրա շրջակայքի ուղղությամբ, որոնցից մեկը բնակելի շենք է խոցել քաղաքային խիտ տարածքում։
«Դրա հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են, սիրիական հակաօդային պաշտպանության կողմից որսված իսրայելական հրթիռի բեկորներից մեկն ընկել է Դամասկոսում ՌԴ դեսպանատան շենքից 300 մետր հեռավորության վրա»,- ասել է Պոլյանսկին։
Նա խստորեն դատապարտել է Իսրայելի ձեռնարկած ռազմական գործողությունները՝ դրանք որակելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ «Մենք խստորեն կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել զինված սադրանքները Սիրիայի դեմ և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար»,- նշել է ռուս դիվանագետը։
Վերջինս հավելել է, որ Մոսկվան Իսրայելի նման գործելաոճի շարունակությունն անընդունելի է համարում, հատկապես, երբ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են սիրիացիներին հաղթահարել երկրաշարժի հետևանքները։
Ավելացնել նոր մեկնաբանություն