
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրման գործընթացին. Լավրով
Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այս հարցում: Հասկանալի է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթաժողովների շնորհիվ: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը, եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն դրանում», - Լավրով:
Օրերս Լավրովն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:
«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», - ասել է նա:
Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն մեծ ներուժ է տեսնում «3+3» տարածաշրջանային հարթակի զարգացման հարցում:
Ավելացնել նոր մեկնաբանություն