Պարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվել
Բաքվի զինվորական դատարանը երեկ՝ փետրվարի 6-ին, շարունակել է Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս պաշտոնյաների գործի քննությունը: Վարդանյանի գործը քննվում է առանձնացված և կշարունակվի փետրվարի 10-ին: Արցախի մյուս գործիչների գործի քննությունն այսօր է:
Երեկվա նիստերում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկայացվել են հատվածներ մեղադրական եզրակացություններից, իսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին նաև խոսք ասելու հնարավորություն են տվել:
Ռուբեն Վարդանյանի մասով ևս ներկայացվել է նրա մեղադրական եզրակացության մի մասը: ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը NEWS.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հաղորդեց Ռուբեն Վարդանյանի դատավարությունից, որը Վարդանյանի ընտանիքին է փոխանցել տեղի փաստաբանը:
«Ռուբեն Վարդանյանի գործով նիստից ունենք որոշակի այլընտրանքային տեղեկություն, որն ընտանիքն ստացել է նրա փաստաբան Աբրահամ Բերմանի միջոցով: Նիստում պաշտպանը երկու բացարկ է ներկայացրել, որից մեկը՝ թարգմանչի մասով: Բացի նրանից, որ շինծու գործը պարունակում է 422 հատոր ադրբեջաներենով, պարզվել է, որ նրան հատկացված թարգմանիչը, որը պետք է գործի նյութերի գոնե բանավոր թարգմանություն ապահովեր (քանի որ գրավոր թարգմանություն, անգամ՝ նշումներ անել թույլ չեն տալիս), անգամ նորմալ բանավոր թարգմանություն չի ապահովել և լրջագույն սխալներ է թույլ տվել: Անգամ որոշ տեղերում հղումներ են եղել ոչ թե Ադրբեջանի, այլ Բելառուսի օրենսդրությանը: Ըստ ինձ փոխանցված տեղեկությունների՝ դատարանը կարգադրել է Ռուբեն Վարդանյանին և նրա պաշտպանին տրամադրել ադեկվատ թարգմանություն։ Ու սա՝ միայն երրորդ նիստի ընթացքում, երբ սկսվել է գործի ըստ էության քննությունը: Բացի այդ, մերժվել են պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները՝ գործի պատճենները ստանալու և տեսաերիզների բովանդակությանը ծանոթանալու մասին։ Բնականաբար, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները չեն հայտնում»,-նշեց Սիրանուշ Սահակյանը:
Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի հայտարարություններին, ապա Սիրանուշ Սահակյանը նշեց, որ դրանք, բնականաբար, արվում են ճնշումների ներքո. «Ոչ մի միջազգային մասնագետի համար այդ ցուցմունքները արժանահավատ չեն հնչում»:
Սահակյանը նկատեց, որ մեղադրական եզրակցության հրապարակված հատվածներից պարզ է դառնում, որ այս դատավարության ընդհանուր իմաստը Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անթույլատրելիության հասնելն ու ինքնորոշման բոլոր ջանքերը ոչնչացնելն է: Փորձում են ամեն կարպ ցույց տալ, որ այս ամենը եղել «տարածքների զավթման հանցավոր գործունեություն»:
Add new comment