Սա Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանի խեղճության լուսանկարն է․ ոտքի վրա հանդիպում էր․ Սուրեն Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանի խոսնակը վաղ առավոտյան ավետել էր՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»,- ասվում էր գրառման մեջ։
Հանդիպման մասին փաստող լուսանկարը, սակայն, քննարկումների տեղիք տվեց․ հիմնական դիտարկումն այն էր, որ չեն պահպանվել արարողակարգային նվազագույն բաղադրիչները։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հանդիպմանը, նկատեց՝ այն նույնիսկ շատ դրական կլիներ, եթե ակնհայտորեն չլիներ ձեռքի հետ՝ ոտքի վրա հանդիպում։
«Նույնիսկ լուսանկարելուց պատշաճության բոլոր կանոնները խախտված են․ օրինակ, չկա Հայաստանի դրոշը, թափթփված աշխատասեղան ենք տեսնում։
Սա Հայաստանի խեղճության պատկերն է․ սա Վենսի խնդիրը չէ, այստեղ Նիկոլ Փաշինյանի դեմքով Հայաստանի խեղճության լուսանկարն է։ Այսինքն՝ ակնհայտորեն այնպիսի տպավորություն է, որ Սպիտակ տանն ընդունել են տուրիստի և հետը սելֆի են արել»,- մանրամասնեց քաղաքագետը։
Հանդիպման ենթադրվող օրակարգի մասին իր դիտարկումներում Սուրեն Սուրենյանցն արձանագրեց, որ չի կարծում, թե լուրջ հարցեր քննարկված լինեն։
«Նույնիսկ լուսանկարն է մատնում, որ ոտքի վրա հանդիպում է տեղի ունեցել և արարողակարգային շատ անհրաժեշտ ատրիբուտներ պահպանված չեն»,- հավելեց նա։
Ի՞նչ պետք է ակնկալի Հայաստանը Թրամփի վարչակազմից՝ մեր հարցադրմանն ի պատասխան էլ՝ քաղաքագետը նշեց՝ գոնե ջանքեր, որ տարածաշրջանում կբերեն բալանսավորված խաղաղության։
«Եթե շատ անկեղծ լինենք, Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար կենսական հետաքրքրությունների տարածաշրջան չէ, հետևաբար՝ ես չեմ կանխատեսում, որ, օրինակ, Թրամփի վարչակազմը մեր խնդիրների ուղղությամբ էական ջանքեր է թափելու։
Բայց եթե ԱՄՆ-ին մեր տարածաշրջանն, այնուամենայնիվ, հետաքրքրի, ապա հետաքրքրելու է զուտ այն իմաստով, որ այստեղ թուլացնի Իրանի ու Ռուսաստանի ազդեցությունը։ Այսինքն՝ ակնկալել, որ ԱՄՆ-ը մեզ անվտանգության երաշխիքներ կտա Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, միամտություն կլինի»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը։
Add new comment