Սիրիա

Թուրքական մամուլ. Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ

Սիրիայում իշխանափոխոխությունից հետո Թուրքիան ակտիվ դերակատարություն կունենա սիրիական բանակի վերակառուցման գործում։ Այդ մասին հայտնել են  թուրքական «‎YetkinReport»‎ լրատվամիջոցի աղբյուրները:

Ըստ տեղեկության՝ Սիրիայի անցումային շրջանի  նախագահ Ահմեդ ալ- Շարան փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ժամանակ առաջարկել է Թուրքիային զբաղվել Սիրիայի բանակի վերակառուցմամբ և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել: Սիրիայի նոր ղեկավարը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

«‎YetkinReport»‎-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանձնարարությամբ ձևավորվել է պատվիրակություն բարձրաստիճան զինվորականներից, որոնք մեկնել են Սիրիա և տեղում գնահատական տվել իրավիճակին:

Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրք-սիրիական ռազմական հարաբերությունների զարգացման համար նախատեսվում է հետևյալ ծրագիրը:

1. Առաջնահերթ խնդիրն է լինելու ապահովել Սիրիայում բոլոր պետական ​​ապարատների անխափան աշխատանքը: Այս ուղղությամբ Թուրքիան կապահովի տեխնիկական և քաղաքալամ աջակցություն:

2. Հընթացս սիրիական կողմը կորոշի իր պաշտպանական կարիքները և կհստակեցնի, թե ինչ է ակնկալում Թուրքիայից։

Թուրքական աղբյուրները շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները: Սա ներառում է նաև ռազմական աջակցության խնդրանքը, որը Սիրիայի նոր իշխանություններին կարող է անհրաժեշտ լինել, մինչև Դամասկոսը կարողանա դա անել ինքնուրույն:

Աղբյուրը՝ ermenihaber

Add new comment