![Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։](/sites/default/files/styles/wide/public/2025-02/17389325185836-770x_.jpg?itok=T0qUl68s)
Նորվեգիան կմնա Հայաստանի հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. Նորվեգիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ hանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ հայտարարություններով.
Արարատ Միրզոյան. «Շնորհակալ եմ, հարգելի՛ նախարար, այսօր առավոտյան մեր ունեցած լավ և բովանդակալից զրույցի համար: Դուք ունեք իմ հրավերն այցելելու իմ երկիր՝ Հայաստան, Ձեզ հարմար ցանկացած ժամանակ:
Հայաստանի կողմից ցանկանում եմ վստահեցնել, որ մեր երկիրը շահագրգռված է Նորվեգիայի հետ երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Բացի այդ, Հայաստանը բարձր է գնահատում Նորվեգիայի շարունակական աջակցությունը մեր երկրի զարգացման օրակարգին: Հարավային Կովկասի՝ տարածաշրջանային հարցերի առումով, կրկին, Նորվեգիան մշտապես հետաքրքրվածություն է ցուցաբերել:
Այսօր ես հնարավորություն եմ ունեցել ներկայացնել մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և ևս մեկ անգամ վստահեցնել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր ջանքերը` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու և Հարավային Կովկասում նոր՝ խաղաղության դարաշրջան բացելու համար:
Հայաստանը նաև մեծ կարևորություն է տալիս Նորդիկ-Բալթյան երկրների, այդ թվում՝ Նորվեգիայի, հետ համագործակցությանը: Մենք ուրախ ենք արձանագրել, որ Նորդիկ-բալթյան երկրներն իրենց հերթին նույնպես դրսևորում են փոխադարձ հետաքրքրվածություն:
Մենք վճռական ենք մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացահայտելու հարցում և ողջունում ենք այն, որ այս մոտեցումը լայնորեն կիսում է նաև նորվեգական կողմը»:
Էսպեն Բարթ Էյդե. «Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Օսլոյում, ընդունել իմ լավ ընկերոջն ու գործընկերոջը՝ արտաքին գործերի նախարար Միրզոյանին։ Մենք ունենք շատ լավ հարաբերություններ Հայաստանի, հայ ժողովրդի և այս կառավարության հետ։
Եվ մենք կարծում ենք, որ այս կառավարությունը ցուցաբերել է հստակ ռազմավարական առաջնորդություն երկրի համար՝ ի շահ իր ժողովրդի։ Պետք է ասել, շատ դժվար հանգամանքներում, բայց իրոք համարձակությամբ նայելով առաջ և դեպի Եվրոպա ու ձգտելով ավելի սերտ համագործակցության։ Եվ մենք շատ ուրախ ենք գործընկեր լինել այդ ճանապարհին։
Ես իմ լավ ընկերոջն ու գործընկերոջն ասացի, որ Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում։ Եվ մենք հատկապես խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք երկկողմ ձևաչափով, բայց նաև Նորդիկ-բալթյան խմբի շրջանակներում աջակցել՝ կիսելով մեր փորձը և տեսնելով, թե ինչպես կարող ենք օժանդակություն տրամադրել այդ ճանապարհի տարբեր ասպեկտներում, որը կարևոր է Հայաստանի համար, բայց կարևոր է նաև ողջ Եվրոպայի համար՝ մեր մայրցամաքում տեղի ունեցող մեծ փոփոխությունների ժամանակ։ Շնորհակալություն»:
Add new comment