Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միտումները 2022-2023 թվականներին
Արցախյան 44-օրյա պատերազմից շատ չանցած, երբ դեռևս պատերազմի հետևանքները չէին մեղմվել, ավելին՝ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ պատերազմի ավարտից հետո ամիսներ անց ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք և որոշակի տարածք օկուպացրեց, Հայաստանը հայտարարեց այս երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և այսպես կոչված խաղաղության դարաշրջան բացելու մտադրության մասին։ Այլ հարց է, թե որքանով են Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում խաղաղություն հաստատել, երբ Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր սադրանքներ են իրականացնում։
Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ իրականացված բանակցությունների տեսանկյունից 2022 թվականը կարելի է հագեցած որակել, սակայն հայտնի չէ, թե որքանով էին արդյունավետ այդ բանակցությունները, և ինչ արդյունքների են հասել կողմերն այդ բանակցություների ժամանակ։
2022 թվականի փետրվարին վերսկսվեցին Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթները։ Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների վերսկսումը Թուրքիայի իշխանությունները փորձեցին ներկայացնել որպես իրենց կողմից բարի կամքի դրսևորում, ավելին՝ երբ փետրվարին տեղի ունեցավ Երևան-Ստամբուլ առաջին ուղիղ չվերթը, Ստամբուլի միջազգային օդանավակայանում չվերթի ուղևորներին դիմավորեցին ծաղիկներով և կոնֆետներով, որը լավ փաթեթավորված հնարք էր՝ հայ հասարակությանը համոզելու, որ թուրքերը փոխվել են, տրամադրված են խաղաղության և այլն։ Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանին որպես զիջում ներկայացվող այս քայլն իրականում այդքան էլ զիջում չէր, քանի որ տարբեր տարիներին նույնպես, երբ Հայաստանը որևէ կերպ չէր բավարարում թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն ու նախապայմանները, մի շարք ավիաընկերությունների կողմից իրականացվում էին Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներ, որոնցից վերջինը՝ թուրքական «Atlas Global» ընկերությունը, 2019 թվականի դեկտեմբերին էր դադարեցրել չվերթներն իր ֆինանսական խնդիրների պատճառով։
Տարվա ընթացքում տեղի ունեցան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի չորս հանդիպումները, որոնցից առաջինը՝ Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։ Հանդիպումների արդյունքների մասին դժվար է ինչ-որ բան խոսել, քանի որ դրանցում որևէ կոնկրետ առաջընթաց չի արձանագրվել։ Միակ զարգացումը, որը քիչ թե շատ կարելի է առաջընթաց որակել, հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունն է առ այն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Մի շարք արժանահավատ փորձագետների պնդմամբ՝ այս որոշման իրագործումը, որը դեռևս մնում է թղթի վրա, Հայաստանին որևէ օգուտ չի կարող բերել։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը պետք է կայանար սեպտեմբերին, սակայն սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո այն այդպես էլ տեղի չունեցավ։
Միևնույն ժամանակ թուրքական կողմը պնդում է, որ ճիշտ կլինի հայ-թուրքական բանակցությունները երրորդ երկրների փոխարեն անցկացնել Հայաստանի և Թուրքիայի տարածքում, ինչից հրաժարվում է հայկական կողմը։ Ավելին՝ հոկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումներն անցկացնել Հայաստանում և Թուրքիայում, սակայն Հայաստանի ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը։
Նախորդ մեկ տարվա կարևոր դիվանագիտական զարգացումներից էր մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցն Անթալիա, որտեղ կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակում վերջինս հանդիպում ունեցավ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումը հատկապես դիվանագիտական արարողակարգին ծանոթ մարդկանց շրջանում կհիշվի այն հանգամանքով, որ Չավուշօղլուն Միրզոյանի հետ հանդիպմանը ներկայացավ առանց փողկապի, ինչը փաստեց վերջինիս կողմից հարգանքի բացակայությունը և արարողակարգի խախտումը։
Այս տարվա հուլիսին կայացավ նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Կողմերը միմյանց փոխադարձաբար շնորհավորեցին Քուրբան բայրամի (զոհաբերության տոն) և Վարդավառի կապակցությամբ։ Ավելի ուշ հոկտեմբերին Պրագայում կայացավ նաև Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումը։ Այս հանդիպումը նշանավորվեց այն հանգամանքով, որ սա երկու երկրների միջև շուրջ մեկ տասնամյակ անց ամենաբարձր մակարդակով առաջին հանդիպումն էր։ Հայաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակով հանդիպումներ կայացել էին 2008-2010 թվականների ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նախքան 44-օրյա պատերազմը Թուրքիան ունեցել է երեք նախապայման՝ Արցախի հարցում Ադրբեջանի օգտին զիջումներ, Հայոց ցեղասպանության հարցում միջազգային պահանջատիրությունից հրաժարում, ինչպես նաև Կարսի պայմանագրի վերաճանաչում, որով հաստատվել են Հայաստանի և Թուրքիայի ներկայիս սահմանները։ Տարիների ընթացքում Թուրքիան երբեք չի հրաժարվել այս նախապայմաններից, այլ միայն ըստ անհրաժեշտության փոխել է դրանց կատարման հերթականությունը։ 2020 թվականի պատերազմից հետո այս նախապայմաններին ավելացել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որն իրավականորեն կամրագրի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախապայմանների կատարմանը, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանը կատարել է դրանց մեծամասնությունը։ Փաստացի Թուրքիայի նախապայմաններից մնացել է միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Կարսի պայմանագրի վերաճանաչումը։
Հայ-թուրքական հարաբերություններում որոշակի զարգացումներ տեղի ունեցան նաև 2023 թվականի փետրվարին, երբ Հայաստանն արձագանքեց Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերին և օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնեց։ Այս համատեքստում հատկանշական էր, որ թեկուզ կարճ ժամկետով, սակայն բացվեց հայ-թուրքական ցամաքային սահմանի Մարգարա-Ալիջան անցակետը, որտեղով Թուրքիա մեկնեցին Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները։ Օրեր անց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկնեց Թուրքիա, որտեղ հանդիպումներ ունեցավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և այլ պաշտոնյաների հետ, սակայն այս այցի արդյունքները դեռևս տեսանելի չեն։
Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ չնայած ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցած դիվանագիտական շփումներին և բանակցություններին՝ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Այս մասին թուրք պաշտոնյաները բազմիցս հայտարարել են՝ նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից անջատ դիտարկվել։
Հիշեցնենք, որ Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, որը 1991 թվականի դեկտեմբերի 24-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն մինչև այժմ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել։ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը Թուրքիայի կողմից փակվել է 1993 թվականի ապրիլին՝ այն բանից հետո, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառը։ Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունի սահմանային երկու անցակետ։ Դրանցից մեկը Մարգարա-Ալիջան անցակետն է, որը ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգը (պատմական Սուրմալու) կապում է Հայաստանի մայրաքաղաքի հետ, իսկ մյուսը՝ Ախուրիկ-Աքյաքան, որտեղով անցնում է Գյումրի-Կարս երկաթուղին։
#Դետքի_հետագծով
Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան
Add new comment