ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն

«Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հենասյուներից մեկն է»․ Պարույր Հովհաննիսյան

«Այս օրինագծի ընդունումը չի հանդիսանում Եվրոպական միությանը ՀՀ անդամակցության հայտ, այն ամրագրում է ԵՄ հետ հարաբերությունների խորացումը։ Այս օրինագիծը նաեւ համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է տնտեսական եւ անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը»,- ԱԺ նիստում ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին oրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ 

Նա ասաց, որ Հայաստանը ներառվել է Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում, ինչը ԵՄ կողմից կայացված կարեւոր քաղաքական որոշում էր։ «2022 թվականից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում խաղաղության հենասյուներից մեկն է։ Վերջերս կայացավ որոշում ԵՄ խորհրդի կողմից, եւ այդ առաքելության ժամկետը եւս երկու տարով երկարաձգվել է։ 

Եվրամիությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորը, իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը։ Հաստատվել է Հայաստանին աջակցության տրամադրումն առաջիկա 4 տարիների համար։ Եվ Հայաստանը ԵՄ թեկնածու երկիր չհանդիսացող միակ երկիրն է, որն աջակցություն է ստանում այս ծրագրի շրջանակներում»,- ասաց նա։

 

Add new comment