Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ դուրս բերել հայկական զորքերը
Բաքուն պահանջում է անհապաղ դուրս բերել բոլոր «հայկական զինված ուժերն» Արցախից, ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Երեկվա միջադեպի համար, որի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ու վիրավորներ ունի, Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրել։
«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ իր օկուպացիոն քաղաքականությունից, որ խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև անհրաժեշտ է սահմանային հսկողության ռեժիմի կիրառում։ Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել է ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է, հայտնել են Արցախից։
Պաշտոնական Երևանն էլ նշել է, որ Արցախի ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈՒԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:
«Ընդ որում՝ տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈՒԱԶ»-ի մեջ, բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից, այլ բան չի եղել»,- հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ փաստերը վկայում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է։
Add new comment