Թրամփը խոստանում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է հեշտությամբ կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Թրամփն այս մասին ասել է իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախկին նախագահը շեշտել է, որ ինքն ԱՄՆ միակ նախագահն է եղել, որի պաշտոնավարման շրջանում Ռուսաստանը որևէ երկրի վրա չի հարձակվել։ Նրա խոսքով՝ դա եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած լավ շփումների շնորհիվ։
«Ես ասացի՝ Վլադիմիր, մի՛ արեք դա: Դուք գիտեք, որ մենք ընկերներ ենք: Մի՛ գրավեք ոչ մի երկիր, քանի որ այդ դեպքում Մոսկվան մեծապես կտուժի։ Ես նրան ասացի այդ մասին»,- հայտարարել է նա։
Թրամփն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ժամանակ ռուսները ներխուժել են Վրաստան, Բարաք Օբամայի օրոք գրավել են Ղրիմը, իսկ Բայդենի օրոք Ռուսաստանը փորձում է տիրանալ ամեն ինչին։ Նրա համոզմամբ՝ եթե անգամ Ռուսաստանին հաջողվի հասնել իր նպատակներին, ապա Բայդենը նույնիսկ չի իմանա այդ մասին։
ԱՄՆ նախկին նախագահի համոզմամբ՝ ինքը միակն է, որը հեշտությամբ կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ Նա նաև ասել է, որ հեշտությամբ կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը՝ նախքան Սպիտակ տուն մտնելը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին և բազմիցս հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։
Add new comment