ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինա իրենց արկերի ամբողջ պաշարներն ուղարկելու հարցը

ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինա իրենց արկերի ամբողջ պաշարներն ուղարկելու հարցը

ԵՄ 27 երկրի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ուկրաինացի գործընկերների մասնակցությամբ երեքշաբթի Ստոկհոլմում բացվող երկօրյա ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ քննարկելու են միության պետություններում մնացած արկերի պաշարներն Ուկրաինա ուղարկելու հարցը։ Խոսքը վերաբերելու է նաև ԵՄ երկրներում սովորական սպառազինությունների հիմնական տեսակների արտադրությունն ընդլայնելուն։

Հանդիպման ծրագրի համաձայն, որի մասին տեղեկացրել է ԵՄ-ում Շվեդիայի ներկայացուցչությունը, պաշտպանության նախարարները սկզբում քննարկելու են Ուկրաինային ցուցաբերվելիք ռազմական աջակցությունը, հատկապես՝ ուկրաինացի զինվորականների մարզումը ԵՄ-ի առաքելության կողմից, որը պետք է պատրաստի 30 հազար մարդ։ Պաշտպանության նախարարները նաև պետք է պայմանավորվեն Կիևի համար հրետանային զինամթերքների համատեղ գնման ֆինանսավորման մասին։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև ընթացիկ գործերը, այդ թվում՝ ԵՄ-ի ռազմական գործողությունները։

Հանդիպումն սկսվելու է ուշ երեկոյան՝ դռնփակ աշխատանքային ընթրիքով, չորեքշաբթի տեղի է ունենալու հիմնական աշխատանքային նստաշրջանը։ Ուկրաինական կողմը ներկայացնելու է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ինչպես մարտի 3-ին տեղեկացրել էր բելգիական «Le Soir» թերթը, պաշտպանության նախարարները պետք է քննարկեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պատրաստած ծրագիրը միության պետությունների պահեստներից 155 միլիմետր տրամաչափի բոլոր հրետանային արկերը շտապ Ուկրաինա ուղարկելու և եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի համար բազմամիլիարդանոց ռազմական պատվերների շտապ ձևավորման հարցը։ Թերթի տեղեկացմամբ՝ ծրագիրն այնուհետև պետք է հաստատվի Բրյուսելում պաշտպանության և արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման ժամանակ, իսկ դրա մեկնարկը տրվելու է մարտի 23-24-ին ԵՄ-ի գագաթնաժողովում։

Add new comment