Արցախ

Փաշինյանը ցանկանում է նոր սահմանադրությամբ դե յուրե ամրագրել Արցախի կորուստը. Ստեփան Հասան-Ջալալյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԱՆԿԱՆՈւՄ Է ՀՀ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՄԲ ԴԵ ՅՈւՐԵ ԱՄՐԱԳՐԵԼ ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈւՍՏԸ 

2025թ. փետրվարի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում Արցախի Հանրապետությունը ցեղասպան Թուրքիայի կովկասյան կցորդ, խամաճիկային կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, քանի որ, ըստ նրա, «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս:»: 

Անհրաժեշտ է նշել, որ առաջին անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2024թ. հունվարի 18-ին այցելելով ՀՀ Արդարադատության նախարարություն՝ նա, մասնավորաբար, հայտարարել էր. «…մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:»: 

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանից առաջ՝ դեռևս 2021 թվականին, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամն էր հայտարարել Հայաստանին նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: 2021թ. սեպտեմբերի 27-ին թուրքական Anadolu Ajansı գործակալությանը տված հարցազրույցում նա, մասնավորապես, հայտարարել էր, թե «Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը», «Հայաստանի սահմանադրության տեքստում Թուրքիայի դեմ տարածքային պահանջների մասին հղումներ կան։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից։ Առաջին հերթին նրանք պետք է մշակեն և ընդունեն նոր սահմանադրություն»։

 

Որո՞նք են ՀՀ Սահմանադրության այն դրույթները, որոնք անհանգստացնում են նավթային դիկտատոր Իլհամին:

 ՀՀ Սահմանադրության նախաբանում, մասնավորաբար, արձանագրված է հետևյալը. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները,…» և այլն: 

Այսինքն ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ հղում է տրված Հայաստանի անկախության հռչակագրին: Իսկ ի՞նչ է արձանագրված Հայաստանի անկախության հռչակագրում: ՀՀ անկախության հռչակագրում, մասնավորապես, արձանագրված է. 

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը`…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ–ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, …ՀՌՉԱԿՈՒՄ Է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: …Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:»: 

Ահա այս արձանագրումներն են անհանգստացնում օկուպանտ և ցեղասպան Իլհամին և նրա քաղաքական հոգահայր՝ օկուպանտ և ցեղասպան Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 

Արդյո՞ք նոր Սահմանադրություն ունենալու մասին Նիկոլ Փաշինյանի 2024թ. հունվարի 18-ի և 2025թ. փետրվարի 19-ի հայտարարությունները նշանակում են, որ նա ցանկանում է ՀՀ մայր փաստաթղթից հանել Թուրքիայի և այսպես կոչված Ադրբեջանի համար խնդրահարույց դրույթները՝ այդպիսով կատարելով Իլհամի հերթական պահանջը: Մասամբ՝ այո, քանի որ 2023թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելով օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի մաս՝ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորվել է: 

Սակայն հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը փոփոխման ենթակա չէ: ՀՀ Սահմանադրական դատարանն իր 2021թ. ապրիլի 29-ի որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանը հանդիսանում է Սահմանադրության անփոփոխելի դրույթ: 

Այսինքն՝ տվյալ դեպքում ՀՀ Սահմանադրության նախաբանը, որտեղ հղում է տրված ՀՀ անկախության հռչակագրին, որևէ պարագայում ենթակա չէ փոփոխության: 

Ասում են պատմությունից պետք է դասեր քաղել: Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է: Մենք լեփ-լեցուն փաստեր, ապացույցներ ունենք չհավատալու ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման՝ այսպես կոչված Ադրբեջանի խաղաղասիրական բնույթի հայտարարություններին:

 Հայերի և թուրքերի, հայերի և կովկասյան թաթարների, ովքեր 1936 թվականից հորջորջվում են ադրբեջանցիներ անունով, համատեղ գոյակցությունն առնվազն տեսանելի ապագայում հնարավոր չէ: 

Ի՞նչ հիմքեր կան նման պնդում անելու համար: 

Այսպես, 

Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն Ադրբեջանի վերաբերյալ իր 2002թ. հունիսի 28-ի զեկույցում, մասնավորաբար, արձանագրել է, որ «…ադրբեջանական հասարակության մեջ այսօր լայնորեն տարածված է բացասական տրամադրվածությունը հայերի նկատմամբ: … հանրային հաստատությունները նպաստել են հայերի նկատմամբ թշնամական տրամադրությունների բորբոքմանը: Ընդհանրապես, հայերի հասցեին ատելության խոսքն ու նսեմացնող հրապարակային հայտարարությունները տեղի են ունենում պարբերաբար:»: 

Իսկ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 2022թ. սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած եզրափակիչ դիտարկումներում, մասնավորապես, արձանագրված է հետևյալը՝

 ▪ «Ադրբեջանում առկա է ռասայական ատելության հրահրում և ռասիստական կարծրատիպերի տարածում հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ, ներառյալ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից:»: 

 ▪ «…դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և հրահրում ռասայական ատելություն, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ:»: 

Եթե այս անհերքելի, ըստ որում առավելագույն չափով անկողմնակալ, փաստերի ճնշման ներքո որոշ մարդիկ շարունակում են պնդել, որ հնարավոր է և պետք է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա նման մարդկանց տվյալ վարքագծին կարելի է տալ առնվազն երկու պատճառաբանություն՝

     ▪ կամ այդ մարդիկ հասկանալու, ընկալելու հետ կապված խնդիր ունեն, որտեղ քաղաքագետները ոչինչ չեն կարող անել, նման դեպքերն այլ մասնագետների ուսումնասիրման տիրույթում են, 

    ▪ կամ այդ մարդիկ շատ լավ հասկանում են, որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել ցեղասպան Թուրքիայի և նրա կցորդ Ադրբեջանի հետ, պարզապես անձնապես իրենք և իրենց նեղ խումբը, ըստ երևույթին, ունենալով որոշակի շահագրգռություն թուրքադրբեջանական տանդեմից, պնդում են, որ բոլոր դեպքերում պետք է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: 

Այսպիսով, ամփոփելով կարող ենք պնդել հետևյալը. իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայության համար: Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: 

Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման պարագայում շարունակվելու են առավելապես սպասարկվել ցեղասպան Թուրքիայի և նրա կողմից արհեստականորեն ստեղծված կեղծ, խամաճիկային կազմավորման՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի շահերն ի հաշիվ օկուպացված Արցախի Հանրապետության և մասամբ օկուպացված Հայաստանի Հանրապետության ազգային, պետական շահերի: 

Ստեփան ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ, քաղաքագետ

 


 

Add new comment