
Թուրքական «Altay» տանկը կհանձնվի զանգվածային արտադրության
Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունն անդրադարձել է տեղական «Altay» տանկի սերիական արտադրությանը վերաբերող հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա հայտարարել է, որ արդեն ընթացիկ տարում՝ 2025-ին, որոշակի քանակությամբ «Altay» տանկեր կհամալրեն Թուրքիայի սպառազինությունը, իսկ մինչև 2028-ը դրանց քանակը կհասնի 85-ի:
Գյորգյունն ընդգծել է, որ նման արդյունք կլինի, եթե ամեն ինչ ընթանա պլանավորված ժամանակացույցի համաձայն։
Նշենք, որ «Altay» տեսակի թուրքական տանկի նախատիպը ի հայտ է եկել դեռևս 2011-ին: Տանկերի տեղական արտադրության միջոցով Թուրքիան մտադիր է փոխարինել իր սպառազինությունում առկա գերմանական «Leopard-1» և «Leopard-2» տեսակի տանկերը:
Տանկն իր անվանումը ստացել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի պատվին, ով եղել է քեմալական ազգայնամոլական շարժման ակտիվ մասնակիցներից։
Add new comment