Սումգայիթ

Մի ականատեսի պատմություն. հիշում է Սումգայիթյան ջարդերի վկաներից

37 տարի առաջ՝ այս օրը, սկսվեցին Սումգայիթյան ջարդերը: Հայ ժողովրդի պատմության ևս մեկ ողբերգական էջ, որի պատասխանատուները, ցավոք, այդպես էլ անպատիժ մնացին: Սակայն այն, ինչ այդ օրերին տեսել ու ապրել են մարդիկ, երբևէ չի մոռացվի: Ներկայացնում ենք այդ օրերի ականատեսներից մեկի վկայությունները:

Շահեն Սերյանյանը ծնվել է 1959 թվականին։ Կնոջ, 8 ամսական երեխայի, քրոջ, մոր, հոր, զոքանչի և աներձագի հետ փախել է Սումգայիթից, որտեղ բնակվում էր 45-րդ թաղամասի 12-րդ տան 38-րդ բնակարանում։ Աշխատել է որպես կահույքագործ։  Նա պատմում է․

«Փետրվարի 27-ի երեկոյան ժամը 8-ին տանընստած էինք, զանգահարեց մեր բարեկամը՝ Շահումյանի շրջանից և ասաց, որ եկել է Բաքվից, չի կարող տուն մտնել, թուրքերը ամբոխով հավաքվել են, հայերի գործը վատ է։ Մենք սկզբից չհավատացինք։ Քեռիս էր մեր տանը, ասաց, որ Սումգայիթում էլ անհանգիստ վիճակ է, թուրքերը հավաքվում են։ Մեր թաղամասում գիշերը ոչինչ չպատահեց։ Առավոտյան ժամը 11-ից մեր թաղամասն էլ իրար խառնվեց։ Հազարավոր մարդիկ գոռալով, հայհոյելով վխտում էին Դրուժբայի, Նարիմանովի փողոցներով, հարձակվում հայերի վրա, ծեծում կամ սպանում։ Հայերը սկսեցին իրարզանգահարել․ տներից դուրս մի՛ եկեք, դռների վրայի ազգանունները հանե՛ք։ Ամբողջ օրը դուրս չեկանք։ Օֆելյա Յուսիֆովնան, Էլդարը, Շաքիր Շիրինովը ասացին՝ մի՛ վախեցեք, կպաշտպանենք։ Երկուշաբթի մեզանից ոչ ոք գործի չգնաց։ Մայրս գործարանի բուժկետում է աշխատում, բժշկուհին զանգահարեց․ գործի չգաս։

Հայրս դուրս եկավ՝ իր մորաքրոջը Բաքու ուղարկելու։ Վերադարձավ լաց լինելով։ Նա տեսել էր, թե ոնց են մարդկանց սպանում, գցում պատուհաններից։ Երեկոյան ժամը 5-ին ամբոխը ներխուժեց հարևան 5 հարկանի շենք։ Սարսափելի ճիչ բարձրացավ։ Լսեցի իմ ծանոթի՝ Սաշայի կնոջ ձայնը. «Помогите»:

Մեր ադրբեջանցի հարևան Էլշադը պատմեց, որ Սաշայի կնոջը՝ Ավագյան Լոլային, դուրս հանեցին շքամուտքից՝ առանց շորերի։ Սաշային ու Լոլային սպանեցին այլանդակ խոշտանգումներից հետո։Նրանք երեխա չունեին։ Լոլայի մարմինը մի 500 մետր քարշ տվեցին Դրուբայի փողոցով, դեռ ողջ էր, սպանեցին չայխանայի (թեյարանի) մոտ։ Միլիցիան ոչ մի միջոցչէր ձեռնարկում։ Նույն շենքից մի ծերունու ծեծեցին։

Add new comment