
Օկուպացված Ասկերանի ամրոցը՝ յուրացման և ձևախեղման վտանգի առաջ
Monument Watch-ը ահազանգում է․
«2025 թվականի փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախ, որտեղ նրան ներկայացվել է Ասկերանի ամրոցում վերջին մեկ տարում ադրբեջանական կողմի կատարած աշխատանքները և նախատեսվելիք ծրագրերը (https://t.me/bez_tor/61123):
Ըստ Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլու՝ Ասկերանի ամրոցում պետք է ծավալուն աշխատանքներ արվեն, այդ թվում ամրոցի ներսում նոր ենթակառուցվածքների, հանգստի գոտու տեղակայմամբ, հնագիտական պեղումների իրականացմամբ, պատմամշակութային արգելոցի ստեղծմամբ: Սակայն, այստեղ առավել մտահոգիչ է, որ ամրոցի տարածքում նախատեսվում է բնակելի համալիրի կառուցում, ինչը վստահաբար կխաթարի ամրոցի պատմական միջավայրը, պահպանության գոտին և հնագիտական շերտերը:
Դեռևս հայտնի չէ, թե որ մասում է կառուցվելու բնակելի համալիրը կամ այն ինչ ծավալներ է ունենալու, սակայն կարող ենք պնդել, որ նման համալիրի կառուցումը կարող է վստանգ ներկայացնել ամրոցի համար՝ խաթարելով նրա պատմական տեսքը և միջավայրը: Տեսանյութում խոսվում է, թե իբրև հայկական կողմը ապրբերաբար «հայկականացրել է» ամրոցի տեսքը, ինչը անհասկանալի և անընդունելի մոտեցում է։ Ասկերանի ամրոցի մասին ավելի մանրամասն տես՝ Ասկերանի ամրոցը։
Մեր արձագանքը
Ասկերանի ամրոցը փոփոխելու ադրբեջանական նախագիծը լրջորեն սպառնում է կառույցի իսկությանն ու ամբողջականությանը։ 1994 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Նարայի փաստաթուղթը շեշտում է, որ մշակութային ժառանգության իսկությունը պետք է գնահատվի դրա պատմական, նյութական, ճարտարապետական և մշակութային համատեքստում։
Ադրբեջանի կողմից ամրոցի սկզբնական տեսքի և կառուցվածքի փոփոխությունը՝ նոր շինարարական միջամտություններով, խախտում է այս սկզբունքները՝ վտանգելով դրա պատմական իսկությունը։ Ըստ Նարայի 1994 թ. փաստաթղթի «Պահպանություն հասկացությունը ենթադրում է մշակութային ժառանգության ընկալման, դրա պատմության և նշանակության գիտակցման, ժառանգության հանրահռչակման, դրա վերականգնմանն ու ամրապնդմանն ուղղված գործընթացների ամբողջություն։
Այս դեպքում ժառանգությունը հասկանալու մարդկանց կարողությունը, ի թիվս այլ հանգամանքների, կախված է նաև ժառանգության վերաբերյալ արժանահավատ և ճշմարիտ գիտելիքից, որի տեղեկատվական աղբյուրների իմացությունն ու ճիշտ ըմբռնումը անհրաժեշտ նախապայման են իսկության և հավաստիության բոլոր կողմերը գնահատելու համար» (UNESCO, Nara Document on Authenticity, art. 9. Values and authenticity):
Ուստի՝ մշակութային ժառանգության տեսակը, առանձնահատկությունները, նշանակությունը և պատմությունը հասկանալու համար անհրաժեշտ են դրա մասին տեղեկատվական վստահելի փաստեր: Ըստ այսմ՝ իսկության ընկալումը հիմնարար դերակատարություն է ձեռք բերում մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող բոլոր գործընթացներում: Իսկ ինչ վերաբերում է ժառանգության՝ հակամարտություններում հայտնվելուն, ապա Նարայի փաստաթուղթը կարևորում է մշակութային արժեքների լեգիտիմության ճանաչման խնդիրը։
2022 թ. մարտի 10-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևը կոչ է արել Ադրբեջանին բացառել հայկական ժառանգության օբյեկտներում ցանկացած միջամտություն՝ պահպանելու ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնումները կատարել այդ սկզբունքին համաձայն (European Parliament Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022)»։
Add new comment