Զելենսկի

Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե անվերջ պատերազմ, իսկ խաղաղության բանալին անվտանգության երաշխիքներն են. Զելենսկի

Մեզ խաղաղություն է պետք, ոչ թե անվերջ պատերազմ, իսկ խաղաղության բանալին անվտանգության երաշխիքներն են. այս մասին տելեգրամյան ալիքում տեղադրված տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Առաջիկայում բոլորս Եվրոպայում կձևավորենք մեր ընդհանուր դիրքորոշումները՝ այն գծերը, որոնց պետք է հասնենք, և այն գծերը, որոնց պարագայում մենք չենք կարող զիջումների գնալ: Այս դիրքորոշումները կներկայացվեն ԱՄՆ-ի մեր գործընկերներին։ Ուժեղ և տևական խաղաղությունը և պատերազմի ավարտի վերաբերյալ ճիշտ համաձայնությունը իսկապես մեր ընդհանուր առաջնահերթությունն են»,- ասել է նա:

Երեկ Լոնդոնում կայացել  է Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը, որը տևել է մոտ երկու ժամ։ Գագաթնաժողովին մասնակցել են 18 երկրի ղեկավարներ, կառավարության ներկայացուցիչներ և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ինչպես նշում է BBC-ն, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը որակել է որպես «լավ և անկեղծ քննարկում»։

Նրա խոսքով, առաջնորդները քննարկել են Կիևի համար անվտանգության համապարփակ երաշխիքների անհրաժեշտությունը, այդ թվում՝ Ուկրաինային ուժեղ դիրք հաղորդելը և նրան «ամրապնդելու և պաշտպանելու» միջոցներ տրամադրելը։

Ֆոն դեր Լեյենն ասել է.«Մենք պետք է ուժեղացնենք մեր պաշտպանությունը... մենք պետք է հսկայական քայլ անենք առաջ»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է հստակ ծրագիր Եվրամիության կողմից և համաեվրոպական մոտեցում:

«Այժմ մեզ համար չափազանց կարևոր է մեծացնել ծախսերը… կարևոր է նախապատրաստվել վատագույնին», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը:

Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Լոնդոնից՝ ասելով. «Մենք պատրաստ ենք Ձեզ հետ կանգնել՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, պաշտպանելու օրենքի գերակայության սկզբունքը, ըստ որի՝ չի կարելի ներխուժել հարևանի տարածք կամ ուժով փոխել սահմանները: Մեր ընդհանուր շահերից է բխում կանխել ապագա պատերազմները»:

 


 

Add new comment