
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և այլ երկրներ Ուկրաինայի հետ աշխատելու են հրադադարի պլանի վրա. Սթարմեր
Լոնդոնում մարտի 2-ին կայացած հանդիպմանը մասնակցած եվրոպական երկրների և Կանադայի ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ապագա պլանը, ինչպես նաև խոստացել են շարունակել օգնությունը Կիևին և ճնշումը Մոսկվայի վրա: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
«Վերջին օրերի իմ քննարկումների ընթացքում մենք պայմանավորվեցինք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և մյուսներն Ուկրաինայի հետ աշխատելու են հրադադարի պլանի վրա: Այնուհետև մենք այդ պլանը կքննարկենք ԱՄՆ-ի հետ և այն միասին առաջ կտանենք», – Սթարմերի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Մամուլի ասուլիսում նա նաև ասել է, որ երկրների ղեկավարները մարտի 2-ին հանդիպել են այս նախաձեռնությունը քննարկելու նպատակով։
Սթարմերը թվարկել է մի քանի քայլ, որոնց շուրջ համաձայնության են եկել հանդիպման մասնակից երկրները։ Դրանք են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության շարունակումը և Ռուսաստանի վրա տնտեսական ճնշման մեծացումը:
Նաև ղեկավարները համաձայնության են եկել, որ ցանկացած տևական խաղաղություն պետք է ապահովի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Հակամարտությունը դադարեցնելու շուրջ համաձայնագրի կնքման դեպքում եվրոպական երկրներն ակնկալում են շարունակել երկրի պաշտպանական ներուժի ամրապնդումը։
Բացի այդ, Սթարմերը հայտարարել է համաձայնագրի պայմանները պաշտպանելու և Ուկրաինայում խաղաղությունը երաշխավորելու նպատակով «կամեցողների կոալիցիա» ստեղծելու մտադրության մասին, որին կկարողանան մասնակցել դրան պատրաստ բոլոր երկրները։
Այս նախաձեռնության շրջանակներում Մեծ Բրիտանիան հակամարտության ավարտից հետո պատրաստ կլինի Ուկրաինա ուղարկել զինծառայողներ և ինքնաթիռներ:
Նա ընդգծել է, որ այդ ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն աջակցի դրանց։
Վարչապետը նաև հայտնել է, որ ղեկավարները «շատ շուտով» կրկին կհանդիպեն պլանի մանրամասները քննարկելու համար:
Դրա հետ մեկտեղ Սթարմերը հայտարարել է համաձայնության մասին, ըստ որի Ուկրաինան կկարողանա օգտագործել 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով բրիտանական արտահանման ֆինանսավորումը ՀՕՊ համակարգի համար 5000 հրթիռ գնելու նպատակով:
Add new comment